Իրանի նախագահը ժամանել է Թուրքիա
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր ժամանել է Անկարա իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Ռայիսին Թուրքիա կայցելի բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ։ Նա առանձնազրույց կունենա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որին կհաջորդի Իրան-Թուրքիա տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ հանդիպումը երկու երկրների նախագահների գլխավորությամբ։
Այցի շրջանակում Իրանի նախագահը հանդիպելու է իրանցի և թուրք գործարարների հետ։
Անկարայում Էրդողանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիային և տարածաշրջանի այլ երկրներին սպառնացող ահաբեկչական կազմակերպությունները գործում են Արևմուտքի աջակցությամբ։ Նա նշել է, որ Իրանը տարածաշրջանի երկրների անվտանգությունը դիտարկում է որպես իր սեփականը:
Իրանի նախագահն անդրադարձել է նաև պաղեստինյան հարցին ՝ նշելով, որ ամբողջ աշխարհը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա։
Հիշեցնենք, որ Ռայիսին պատրաստվում էր Թուրքիա մեկնել հունվարի 5-ին, սակայն այս այցը հետաձգվել էր հունվարի 3-ին Քերմանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով։ Մինչ այդ էլ Թուրքիա Ռայիսիի այց էր նախատեսվում 2023 թվականի նոյեմբերի 28-ին, սակայն այն չեղարկվել էր։
#Դետքի_հետագծով
Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են։ Չնայած որոշակի հակասություններին` երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, որոնցից ելնելով էլ` բարիդրացիական հարաբերություններ են պահպանում ու զարգացնում։
Add new comment