Մուսուլմանական երկրները պետք է կտրեն Իսրայելի փրկության օղակը․ Ալի Խամենեի
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ մուսուլմանական երկրները պետք է դադարեցնեն իրենց քաղաքական և տնտեսական հարաբերությունները սիոնիստական ռեժիմի հետ և օգնություն չցուցաբերեն Իսրայելին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Խամենեին քննադատել է մուսուլմանական երկրների իշխանությունների գործողությունները Գազայի կարևոր հարցում։
«Իսլամական երկրների պաշտոնյաների դիրքորոշումը երբեմն սխալ է, քանի որ նրանք խոսում են այնպիսի հարցի մասին, ինչպիսին է Գազայում զինադադարը, որը նրանց իրավասությունների ներքո չէ, այն գտնվում է սիոնիստական ռեժիմի ձեռքում։ Նրանք պետք է գործեն այնպիսի հարցերում, ինչպիսին այդ ռեժիմի կենսական անոթների արգելափակումն է»,- նշել է նա։
Ալի Խամենեին միևնույն ժամանակ հորդորել է կտրել սիոնիստական ռեժիմի փրկության օղակը։ «Չնայած իսլամական երկրների պաշտոնյաների ոչ պատշաճ քայլերին և բոլոր դժվարություններին` Աստված բարեպաշտ մարդկանց կողքին է, և դա ասված է Ղուրանում: Եվ որտեղ Աստված է, այնտեղ հաղթանակ է: Գազայում պաղեստինցիների հաղթանակն անվիճելի է»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Իսրայելն իսկապես վայրագություններ է իրականացնում Գազայի հատվածի խաղաղ բնակչության նկատմամբ՝ ձգտելով շրջանն ամբողջովին իր վերահսկողության տակ վերցնել։ Արևմտյան մի շարք երկրներ անտեսում են այս իրողությունը և իրենց շահերից ելնելով՝ աջակցում Իսրայելին, ինչն առաջացնում է Իրանի և իսլամադավան բազմաթիվ երկրների դժգոհությունը։ Այս համատեքստում Իրանը ձգտում է մուսուլմանական երկրների կոալիցիա ձևավորել ընդդեմ Իսրայելի։
Add new comment