Սամվել Բաբայանը ևս տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների բիզնես-գործունեության վերաբերյալ․ հայտարարություն
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել։
«Վերջին շրջանում մամուլում և սոցիալական մեդիայում շրջանառվում են Սամվել Բաբայանի կողմից իբր թե արցախցիներին հավաքագրելու և նրանց Արցախ վերադարձնելու վերաբերյալ տեղեկություններ։
Հաշվի առնելով խնդրի զգայունությունն ու հասարակական-քաղաքական շրջանակների կողմից այն կապիտալիզացնելու մեծ գայթակղությունը՝ հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանն անհատապես կամ համագործակցաբար չի զբաղվում նմանաբնույթ աշխատանքներով։
Փոխարենը նա Արցախի Հանրապետության ներկայացուցչական մարմնի և կառավարության քննարկմանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և հայ բնակչության վերադարձի շուրջ համապարփակ մոտեցումներ։ Այդ մոտեցումներով առաջարկվել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, վերջինիս օժտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և հայ բնակչության վերադարձի շուրջ ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններ վարելու իրավասությամբ։
Բացի սրանից` Սամվել Բաբայանն իր հանրային խոսքում մշտապես շեշտում է, որ բնակչության վերադարձի հնարավորության քննարկումը, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, արկածախնդրություն է։
Սամվել Բաբայանը ևս տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների բիզնես-գործունեության վերաբերյալ։ Այս կապակցությամբ կոչ է անում իրավապահ մարմիններին համապատասխան աշխատանքներ տանել այդ ուղղությամբ, իսկ արցախցի հայրենակիցներին հորդորում է չհավատալ ինքնակոչ փրկիչների ստահոդ խոստումներին և չնպաստել նրանց բիզնես-գործունեությանը»,- ասված է հայտարարությունում։
Add new comment