Submitted by H.Andreasyan on
7

Այսօր մենք թղթի վրա աղերսում ենք խաղաղություն, որը չի լինելու. Դադիվանքի նախկին վանահայր

90-ականներին մեր հայոց բանակը ամենահզորն էր տարածաշրջանում, մինչև 2018 թվականը: Այսօր մեր հայոց բանակը ծնկի եկած է, ամենաթույլն է տարածաշրջանում: Այս մասին պատարագից հետո իր քարոզում ասել է Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը, որն այժմ ծառայություն է իրականացնում Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում: 

«Ինչո՞ւ, ո՞ւր է մեր տղաների ոգին, ո՞ւր է Վարդանանց ոգին, ո՞ւր է մեր հերոսների ոգին: Ես այսօր ցանկանում եմ, որ ամեն մի հայ ամեն օր գա Եռաբլուր, նայեն մեր տղաների գերեզմաններին, շիրմաքարերին, հուշարձաններին, որպեսզի չմոռանան իրենց կատարած սխրանքը: Այն բանակը, որով հպարտանում էր հայ ժողովուրդը, այսօր չի հպարտանում։ Ինչո՞ւ․ որովհետև պարտություն է կրել, ոգին է թուլացել, հավատքն է կոտրվել: Եթե կա հայոց հզոր բանակ, ուրեմն կա հզոր պետություն: Եկեք համախմբվենք մեր եկեղեցու շուրջը, մեր հավատքի շուրջը, ապաշխարենք ազգովի և մեղքերի թողություն ստանանք»,- նշել է նա:

Տեր Հովհաննեսն ասել է, որ այսօր մենք թղթի վրա աշխարհով մեկ աղերսում ենք խաղաղություն, որը չի լինելու․ «Վստա՛հ եղեք, դա չի լինելու, մենք մեր ուժով պիտի ապացուցենք, որ մենք հայ ենք ու քրիստոնյա: Աղոթենք մեր հայոց բանակի հզորացման համար, հայ ժողովրդի միասնության, հավատքի համար, աղոթենք, որ մեր Արցախի իշխանությունները, զինվորները, որոնք գերության մեջ են, վերադառնան: Եթե մենք ասում ենք, որ իրենք մեծ մեղքերի մեջ են, ապա ով է, որ մեղք չունի։ Աստված ասում է՝ ով ապրում է, նա մեղք է գործում․ բոլորս էլ մեղքի մեջ ենք:  

Աստված ասում է՝ մարդ երկու տիրոջ չի կարող ծառայել։ Այսօր Հայաստան աշխարհն Աստծուն թողել է մի կողմ և պաշտում է նյութին: Եկեք քաջություն ունենանք, մարդկանց երեսին ասենք իրենց սխալները․ դա կնշանակի, որ մենք նրանց սիրում ենք։ Իսկ երբ մեղավորի գլուխն ենք շոյում, մենք նրա թշնամին ենք։

Եթե մենք համախմբվենք, վստահ եղեք, որ այս տարի՝ հուլիս-օգոստոսին, մենք կլինենք ազատագրված Արցախում»: 

Add new comment