Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանը նոր հետազոտական ​​արբանյակ է ուղարկել ուղեծիր

Իրանի Իսլամական Հանրապետությունը տեղական արտադրության նոր հետազոտական ​​արբանյակ է ուղարկել երկրամերձ ուղեծիր։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հետազոտական «Mahda»​  արբանյակը երկու հետազոտական ​​բեռների հետ միասին հաջողությամբ տիեզերք է արձակվել «Simorgh» կրիչ արբանյակի կողմից։ «Simorgh»-ը արձակվել է Իմամ Խոմեյնիի ազգային տիեզերական կենտրոնից, որը գտնվում է Իրանի Սեմնան նահանգից 80 կիլոմետր հարավ-արևելք:

«Mahda» արբանյակը նախագծել, արտադրել և փորձարկել է Իրանի տիեզերական հետազոտությունների կենտրոնը։ 32 կգ քաշով արբանյակի հիմնական նպատակն է փորձարկել արբանյակներին առնչվող ենթահամակարգերը, «Simorgh» արբանյակի տիեզերական բեռների առաքման աշխատանքը և գնահատել նոր նախագծերի արդյունավետությունն ու տեղական  տեխնոլոգիաների հուսալիությունը տիեզերքում:

«Simorgh» կրիչ արբանյակը երկաստիճան հրթիռ է, որն աշխատում է հեղուկ վառելիքով: Դրա տրամագիծը 2․4 մետր է, իսկ մեկնարկային քաշը՝ 80 տոննա։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս նաև տիեզերքում երկրի դիրքերի ամրապնմանը և այդ նպատակով ժամանակ առ ժամանակ արբանյակներ են արձակում։ Կրիչ արբանյակների առաջին սերունդն ունակ է արձակելու մինչև 100 կգ քաշ ունեցող կապի և զոնդավորման արբանյակներ Երկրից մոտավորապես 500 կմ բարձրության վրա գտնվող ուղեծրեր:

Add new comment