Իրանի բանակը գտնվում է լիարժեք պատրաստվածության գագաթնակետին
Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի համակարգման գծով գլխավոր հրամանատարի տեղակալ Հաբիբոլլա Սայարին հայտարարել է, որ այսօր իրանական բանակը գտնվում է լիարժեք պատրաստվածության գագաթնակետին և հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Սայարին շեշտել է, որ իրանական բանակին բարդ առաքելություն է սպասվում։
«Տարածքային ամբողջականության պաշտպանությունը, երկրի անկախությունը և հասարակարգի անկախությունը երեք կարևոր խնդիրներ են բանակի համար, որը միշտ պետք է պատրաստության վիճակում լինի»,- ասել է նա։
Իրանցի բարձրաստիճան զինվորականը հայտնել է նաև, որ ներկայումս իրանական զինված ուժերի մարտական, պաշտպանական և կանխարգելիչ կարողությունները շատ բարձր մակարդակի վրա են։ Նրա խոսքով՝ իրանական զինված ուժերը լավ պատրաստվածության և որակյալ անձնակազմի, ինչպես նաև տեղական արտադրության նորացված տեխնիկայի շնորհիվ պատրաստ են դիմակայել թշնամու ցանկացած սպառնալիքի։
#Դետքի_հետագծով
Հունվարի 28-ին Հորդանանի հյուսիս-արևելքում` սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող ամերիկյան նյութատեխնիկական ուսումնական բազան ԱԹՍ-ով հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով 3 ամերիկացի զինծառայող զոհվել է, 34-ը` վիրավորվել։ Այս հարձակման համար ԱՄՆ-ն անուղղակիորեն մեղադրում է Իրանին, ինչը մեծացնում է երկու երկրների միջև առճակատման հնարավորությունը։
Add new comment