ՆԱՏՕ-ն աշխարհում անկայունություն առաջացնող գործոն է․ Նասեր Քանաանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն և նրա որոշ անդամներ անկայունություն և անապահովություն առաջացնող հիմնական գործոնն են աշխարհում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունները հեգնական են, քանի որ ՆԱՏՕ-ն և նրա որոշ անդամներ, որոնք ունեն գաղութատիրության մութ պատմություն, մշակում ու իրականացնում են ապակառուցողական և միջամտողական քաղաքականություն, իսկ ռազմական գործողություններն Արևմտյան Ասիայում և աշխարհագրական այլ տարածաշրջաններում անկայունության հիմնական գործոնն են ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում»,- ասել է նա։
Դիվանագետի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնական քաղաքականությունը միշտ հիմնված է եղել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի սկզբունքի շրջանակներում հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման վրա։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Իրանին պատասխանատու էր համարել Հորդանանում ամերիկյան բազայի վրա հարձակման համար՝ Իրանին մեղադրելով տարածաշրջանն ապակայունացնելու մեջ։ Պաշտոնական Թեհրանը կտրականապես հերքել է այս մեղադրանքները։
#Դետքի_հետագծով
Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակումն իրականացվել է տեղի իրանամետ խմբավորումների կողմից, ինչից ելնելով էլ ամերիկյան կողմն իր դաշնակիցների հետ հարձակման համար մեղադրում է Թեհրանին։ Իրականում Իրանը կարող է որոշակի մասնակցություն ունենալ այս հարձակմանը՝ ի պատասխան այս տարվա հունվարի 3-ին Քերման նահանգում կատարված ահաբեկչության, որի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։
Add new comment