Մենք կշարունակենք հետևել Մոնտրյոյի կոնվենցիային. Թուրքիայի ԱԳ նախարար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով Բուլղարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ հանդիպումից հետո:
«Որպես Մոնտրյոյի կոնվենցիայի կատարող՝ Սև ծովում հանգստությունը պահպանելը և այն խաթարելու ցանկացած փորձ կանխելը մեր հիմնական առաջնահերթություններից են»,- ասել է Ֆիդանը։
Վերջինս հայտնել է, որ իրենք կշարունակեն իրականացնել Մոնտրյոյի կոնվենցիան՝ դրան լիովին համապատասխան․«Մենք կշարունակենք հետևել կոնվենցիային։ Էլ չենք ասում, որ այս թեման քննարկելը, նույնիսկ դրա մասին մտածելը բացառվում է»։
Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս այն հանգամանքին, որ հակամարտությունն Ուկրաինայում չի հանգեցրել թեժացման Սև ծովում։
«Սև ծովի անվտանգությունը շատ կարևոր է մեզ համար։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այն բանին, որ պատերազմն Ուկրաինայում չհանգեցնի իրավիճակի թեժացման այդ տարածաշրջանում»,- ընդգծել է նա։
1936 թվականին ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռուﬕնիայի, Հարավսլավիայի և ﬕ քանի այլ երկրների մասնակցությամբ կնքվեց Մոնտրյոյի կոնվենցիան, որը կանոնակարգում էր սևծովյան Բոսֆոր ու Դարդանել նեղուցներով նավարկությունը, և որը, որոշ լրացումներով, գործում է նաև այսօր:
Համաձայն Մոնտրյոյի կոնվենցիայի՝ ցանկացած երկրի առևտրային նավերի իրավունքն է ազատորեն անցնել այդ նեղուցներով և՛ խաղաղ, և՛ պատերազմի ժամանակ: Բացի դրանից՝ խաղաղ ժամանակ կոնվենցիան թույլ է տալիս ցանկացած դասի ռազմանավերին, որոնք պատկանում են սևծովյան երկրներին, ազատորեն անցնել նեղուցներով։ Ոչ սևծովյան երկրների ռազմանավերի համար կան դասի, տոննաժի և Սև ծովում անցկացրած ժամանակի սահմանափակումներ:
Add new comment