ՌԴ ԱԳՆ-ն բացառում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր չի առաջանում: Այս մասին ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ դեսպան Վիկտոր Վասիլիևը, փոխանցում է «News.am»-ը։
Դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ-ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023 թվականի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման վրա. այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերոնշյալ նիստի ժամանակ ընդունված փաստաթղթերը, որին հայկական կողմը չի մասնակցել, այժմ գտնվում են Երևանի քննարկման փուլում։ Այդ փաստաթղթերից մի քանիսի հետ կապված կա հայկական կողմի համաձայնությունը, որից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց չի առաջանում»,- ասել է Վասիլևը։
Պատասխանելով ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելու մասին հարցին՝ դիվանագետը նշել է, որ դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, թեև այն կատարվել է ճնշման ներքո։
«Շատ առումներով այս իրավիճակը և՛ արևմտյան երկրների ճնշման, և՛ Հայաստանի ղեկավարության ու բնակիչների հասկանալի էմոցիաների արդյունք է»,- նշել է նա։
Վասիլևը հույս է հայտնել, որ բանականության ձայնը վաղ թե ուշ կհաղթի զգացմունքներին։
Add new comment