Պուտինը հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է ամերիկյան արտադրության «Patriot» հրթիռով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի ասել է, որ «Իլ-76» ռազմական բեռնատար ինքնաթիռը, որում գերի ընկած ուկրաինացի զինծառայողներ էին, խոցվել է մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի Բելգորոդի մարզում ամերիկյան արտադրության «Patriot» հրթիռով։
«Ինքնաթիռը խոցվել է, դա արդեն հաստատված է, ամերիկյան «Patriot» (ՀՕՊ) համակարգով։ Փորձաքննությունն արդեն հաստատել է դա»,- ասել է ՌԴ նախագահը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։
Ընդգծելով, որ Ռուսաստանը պնդում է կործանման կապակցությամբ միջազգային հետաքննություն անցկացնել, Պուտինը տարակուսանք է հայտնել, թե ինչու է Ուկրաինան խոցել ինքնաթիռը։
«Ուկրաինայի զինված ուժերը խոցել են մեր «Իլ-76» ինքնաթիռը, որում եղել են իրենց 65 զինծառայողներ, որոնք նախատեսված էին գերիների փոխանակման համար։ Դուք հարցրիք, թե ինչու նրանք այդ քայլին դիմեցին: Չգիտեմ։ Ես չեմ հասկանում,- ասել է նա, ապա հավելել,- կարելի է ենթադրել, որ դա պատահաբար են արել, դա ամեն դեպքում հանցագործություն է»։
Add new comment