Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանը, ՌԴ-ն և Չինաստանը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին հայտնել է, որ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը մարտին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Fars» լրատվական գործակալությունը:

«Մյուս երկրները նույնպես հրավիրվել են մասնակցելու Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժություններին, որոնք կանցկացվեն տարվա վերջում (իրանական օրացույցի համաձայն՝ տարին ավարտվում է 2024 թվականի մարտին - խմբ.)»,- ասել է իրանցի հրամանատարը:

Շահրամ Իրանին նշել է, որ Իրանի համար զորավարժություններն անցկացնելու նպատակն է մշակել գործողություններ՝ «Իսլամական Հանրապետության, Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի երկրների շահերի և տնտեսական ռեսուրսների անվտանգությունն ապահովելու համար»։ Նա հավելել է, որ Իրանը կշարունակի բարեկամ երկրների հետ զորավարժություններ անցկացնել անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու համար։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս իր զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, այդ թվում՝ մի շարք երկրների հետ զորավարժությունների անցկացմանը։ Նման զորախաղերը նաև ուժի ցուցադրություն են, որի միջոցով Իրանն իր դաշնակիցների հետ միասին հակազդում է իր գլխավոր հակառակորդներին՝ նախևառաջ ԱՄՆ-ին։

Add new comment