Զինվորականներն այս անգամ ևս չեն պարգևատրվել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունվարի 28-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Վահագն Խաչատուրյանը և այլք:
Բազմաթիվ կենաց հիշեցնող ելույթներ հնչեցին, չնայած Նիկոլ Փաշինյանը կոչ արեց` հրաժարվել կենացային վերաբերմունքից, բայց դա չէ էականը, այլ այն, որ պետությունը հոգ չի տանում իր բանակի, պաշտպանական համակարգում ծառայողների մասին: Ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում աշխատողները նրա համար ավելի կարեւոր են, քան սպաներն ու զինծառայողները:
Դրա վառ ապացույցն է այն, որ բանակում ծառայողներն այս տարի ևս` Բանակի օրվա կապակցությամբ, չեն պարգևատրվել: Այս տարի բանակի օրն աննախադեպ էր նաև նրանով, որ Հանրապետության նախագահի հրամանագրով զինվորական բարձր կոչումներ չշնորհվեցին: Մինչդեռ 30 տարի շարունակ եւ պարգեւավճարներ էին տրվել, եւ կոչումներ բանակի տոնի առիթով:
Տպավորություն է, թե օրվա իշխանությունները` եթե հնար ունենային, առհասարակ կլուծարեին բանակը եւ հիմա դա անում են դանդաղ քայլերով` զգուշորեն:
Առաջ Բանակի օրն իսկական տոն էր ոչ միայն զինծառայողների, այլեւ ողջ հայ ժողովրդի համար:
Ինչպես կարող է անգրագետ, մի քանի ամիս առաջ ոստիկանությունում աշխատանքի անցած մարդը մի քանի անգամ ավելի վաստակի, քան տասնյակ տարիներ բանակում ծառայող սպան:
Մենք մեկնաբանություն խնդրեցինք ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից, թե ինչու այս տարի բանակի աշխատողները չեն պարգևատրվել և կոչումներ չեն ստացել, սակայն խոսնակն ասաց, որ նման հարցերին պատասխանում է բացառապես գրավոր, ինչը հարցին չպատասխանելու, թեման հնացնելու-մոռացնելու ամենատարածված ձեւն է»:
Add new comment