Submitted by D.Guyumjyan on
detq

Հայաստանը Սև ծով ելքի հարցում Ադրբեջանի նկատմամբ առավելություն ունի․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Հայաստանով և Ադրբեջանով անցնող երթուղիները համեմատելիս Հայաստանի տարածքով անցնող երթուղին առավելություն ունի։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Սոբհանին ասել է լրագրողների և փորձագետների հետ կայացած հանդիպման ժամանակ։

Մեհդի Սոբհանին շեշտել է, որ Հայաստանով անցնող ճանապարհի գրավչությունն էլ ավելի բարձրացնելու համար անհրաժեշտ է ազատականացնել օրենքները, նվազեցնել մաքսատուրքերը, կառուցել նոր ճանապարհներ կամ բարելավել գոյություն ունեցողները։ Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է անցկացնել երկու երկրների պատվիրակությունների հանդիպում, որոնք կաշխատեն այս ուղղությամբ։

«Իրանի համար Հայաստանը դեպի հյուսիս և Սև ծով ելքի համար լավագույն ուղղությունն է։ Իսկ Հայաստանի համար Իրանը նաև դեպի հարավ՝ նույն Չաբահար նավահանգիստ ելքի համար լավագույն ուղղությունն է»,- ասել է նա։

Դեսպանը նաև ասել է, որ Երևանից դեպի Սյունիք ճանապարհի հատվածում, որը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մաս է կազմում, դեռ անելիքներ կան։

«Ագարակ-Քաջարան ճանապարհի 32-կիլոմետրանոց հատվածի կառուցման պայմանագիր է կնքվել։ Փետրվարի վերջին նախատեսվում է անցնել այս ծրագրի իրականացման գործնական քայլերի։ Այս ճանապարհն ապրանքաշրջանառության ավելացման համար ամենակարևոր գործոնն է»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե այս ճանապարհը կառուցվի, դա տարածաշրջանի համար տրանսպորտային առումով հեղափոխական իրադարձություն կլինի։

#Դետքի_հետագծով

Իրանը կարևորում է Հայաստանի տարածքով դեպի Սև ծով դուրս գալու հնարավորությունը և այս նպատակով աջակցում է Սյունիքի մարզի ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դարձել են խոցելի։ Այս համատեքստում Իրանը ՀՀ-ի հետ համատեղ կառուցում է Ագարակ-Քաջարան ճանապարհը, որը կփոխարինի Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված Գորիս-Կապան մայրուղուն, ինչպես նաև կմեծացնի բեռնափոխադրումները, քանի որ ներկայիս այլընտրանքային` Տաթև-Աղվանի ճանապարհը բարվոք վիճակում չէ։

Add new comment