Իսրայելի հետ որոշ երկրների մերձեցումը վնաս է պատճառել իրենց ժողովրդին․ Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իսրայելի հետ որոշ իսլամական երկրների մերձեցումը վնաս է պատճառել իսլամադավան ազգերին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Ռայիսին սիոնիստական ռեժիմից երկրներին հեռացնելը համարել է Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականության ուղղություններից մեկը։
Սուդանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի ալ-Սադեղ Ալիի հետ հանդիպմանը նա ասել է, որ Թեհրանն աջակցում է Սուդանում ուժեղ կառավարության ստեղծմանն ու այս երկրի տարածքային ամբողջականությանը։
Իրանի նախագահը պնդել է՝ սիոնիստական հանցավոր ռեժիմը, որը մշտապես ձգտել է խռովություն և դավադրություն ստեղծել, երբեք չի կարող լինել իսլամական երկրների բարեկամը, շահագրգռված լինել նրանց առաջընթացով և զարգացմամբ։ «Իսլամական որոշ երկրների գործողությունները սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հակասում են այդ երկրների ինքնությանն ու բնույթին»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ճանաչում Իսրայել պետության գոյությունը և Գազայում ընթացող պատերազմի ֆոնին վերջինիս դեմ փորձում է իսլամական երկրների կոալիցիա ձևավորել։ Այս առանցքում Իրանը ձգտում է ընդգրկել նաև Սուդանին, որն Աֆրիկայի կարևոր երկրներից մեկն է։
Add new comment