+64

Հայ ազգի և մշակույթի նվիրյալը՝ Գագիկ Գինոսյան

Փետրվարի 6-ին 57 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց հայ ազգային մշակույթի նվիրյալներից մեկը` Գագիկ Գինոսյանը:  

Մշակութաբան, պարագետ, պարահավաք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ… այս ցանկը դեռ կարելի է շարունակել: Բայց այս ամենից զատ` պետք է մեծատառերով գրել` ազգի ՆՎԻՐՅԱԼ: Նա միշտ հավատարիմ էր իր արմատներին, ինքնությանը: «Կարող են գոյատևել միայն այն ազգերը, որոնք ունեն սեփական մշակույթ, իսկ մնացածը պետք է վերանան»,- վստահ էր Գագիկ Գինոսյանը և իր ողջ կյանքի ընթացքում պայքար մղեց հայ ազգային մշակույթը տարածելու և զարգացնելու համար: 

Գինոսյանը առաջամարտիկ էր նաև հայրենիքի պաշտպանության գործում: Արցախյան պատերազմին եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա ընդգրկվել «Արծիվ- մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։ Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի, Քարվաճառի ազատագրական մարտերին: Զինադադարից հետո էլ ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես սպա, ընդ որում` 1994-1996 թթ. ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության առանձին գումարտակում: 

Նա ռազմաճակատ շտապեց նաև 2020 թվականին: 44-օրյա մարտերի ժամանակ ՈՄԱ գումարտակի հրամանատարի տեղակալ էր: Գագիկ Գինոսյանն իր հարցազրույցներից մեկում ասել է. «Հայաստանը պետք է պատրաստ լինի պատերազմի, որովհետև պատմություն չուսումնասիրելը և ջայլամի քաղաքականություն վարելն առնվազն տգիտություն է կամ տականքություն, մենք անգամ պետականություն չունեցած ժամանակ նույնիսկ կես դար չենք կարողացել խուսափել պատերազմներից, և հիմա խոսել խաղաղությունից, երբ դու ի զորու չես այդ խաղաղությունն ապահովելու քո բանակով, երբ քո հայրենիքի մի մասը բռնազավթված է, դա կա՛մ խնդիրը լուծելու քո ոչ կոմպետենտության մեջ է, կա՛մ գիտակցված դավաճանության»:

Մեկ այլ առիթով էլ նա կարծիք է հայտնել` ամենավտանգավորը հիմա այն է, որ մեզ խաղաղությամբ են սպառնում. «Էլի մի քանի հարյուր տղա, խաղաղ բնակչություն ու երեխաներ զոհվեցին, անգամ նույն ընտանիքից երկու եղբայր, հարյուր հազարից ավելի բռնագաղթածներ եղան, դա՞ է խաղաղությունը։ Դրա համար էլ առաջին նախագահից սկսած՝ Գարեգին Նժդեհին չեն սիրում, որովհետև նրա մտքերը իրենց ու այսօրվա իշխանությունների մահն են…»: 

Գագիկ Գինոսյանը վստահ էր` ով խոսում է թուրքի հետ խաղաղությունից, նա ավելի թուրք է, որովհետև ինքը վերացնում, տկարացնում է մեր ինքնապաշտպանական բնազդը. «Անգամ Հայ եկեղեցու կրոնը պետք է ինքնապաշտպանությունը լինի, ինքնապաշտպանությունից պետք է ծնվի անվտանգությունը և ոչ թե աղերսանքից, թուրքին քծնանքից, որ խաղաղություն լինի։ Խաղաղություն քարոզում է նա, ով Եռաբլուրում որևէ սուրբ շիրիմ չունի։ Խաղաղություն հիմա քարոզում է նա, ով թաքուն ինչ-որ օրերի անվտանգության ծառայության հովանու ներքո, լուսադեմին, որպեսզի մարդ չտեսնի, թաքուն մտնում է Եռաբլուր, ձևական՝ նկարվելու համար ծաղիկներ է դնում և փախչում։ Հայը չի կարող խաղաղություն քարոզել թուրքի հետ, անիմաստ է բարեկամություն քարոզել նրա հետ, ով եկել է քեզ սպանելու մտադրությամբ, ով եկել է քո հայրենիքը զավթելու մտադրությամբ։ Ով հորջորջում է այդ խաղաղությունը, նրան ասում եմ, որ եթե իր տան 10/9-ը խլեին, կշարունակեի՞ն քարոզել բարեկամություն, կասեր՝ արի խաղաղ ապրե՞նք»։

Միևնույն ժամանակ նա վստահ էր, որ ազգի արգանդը երբեք չի ամլանում. «Լեոնիդից, Մոնթեից, Թաթուլից, Գորգիսյանից մեկը, հավանաբար, Նժդեհ կդառնար, որովհետև նա էլ մեկ օրում չչ այդպիսին դարձել: Դա միայն մարդկային ոգու հանճար չէր, նաև՝ փորձառություն, բայց չթողեցին, որ մյուսներն էլ դառնան նրա պես, որովհետև ազգի մեջ նման կերպարների առկայությունը սպառնալիք է կայսրությանը»։

Իր վերջին հարցազրույցներից մեկում էլ Գագիկ Գինոսյանը նշել է՝ ով մեր հույսը մեզնից վանում է, ազգի թիվ մեկ թշնամին ու դավաճանն է. «Մեզ մնում է վրեժ, բայց այսօրվա վրեժը պարտություն է, եթե չենք նախապատրաստելու ու կրթելու սերունդ, որը գալու է իրենց հայրերի վրեժը լուծելու: Հավաստիացնում եմ՝ տասնյակհազարավոր երիտասարդներ կան, որոնք իրենց հոր վրեժը լուծելու են, կոկորդներդ կրծելու են, պարոնայք, որովհետև այդ տղերքի որբությունը ձեր խղճի վրա է, Արցախի որբությունը ձեր խղճի վրա է»:

Գագիկ Գինոսյանը տարբեր տարիների արժանացել է ՀՀ պետական, գերատեսչական և այլ կարգի մեդալների։

1997 - «Արծիվ-մահապարտներ» հուշամեդալ, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանագրով
1998 - Արիության մեդալ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով
2000 - Երիտասարդ ստեղծագործողների Ավ. Իսահակյանի անվան հանրապետական գրական մրցույթի 1-ին մրցանակ
2005 - «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ
2007 - «Արծիվ-մահապարտների երիտասարդական միության» «Վազգեն Սարգսյան» շքանշան
2007 - ԱՊՀ ՊՄՏԿՄ (СОСТО СНГ- նախկին ДООСАФ) «Վաստակի համար» (За заслуги) շքանշան
2008 - ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
2011 - Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ
2011 - ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն ոսկե մեդալ
2012 - ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալ
2012 - «Գարեգին Նժդեհ»
2012 - ՀՀ ՊՆ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ
2013 - «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալ
2015 - «Երախտագիտություն» մեդալ։

 

Add new comment