Նոր մարտական գործողությունների հավանականությունը մեծացրել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի փակուղային վիճակը․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանում մեծ շուքով մեկնարկած ընտրական գործընթացներն ավարտվեցին, և Իլհամ Ալիևը հերթական անգամ ընտրվեց նախագահի պաշտոնում:
Ինչպես նախորդ դեպքերում, ընտրություններն ուղեկցվեցին մամուլի, քաղաքական ակտիվություն դրսևորող անձանց նկատմամբ մեծ ճնշումներով, հետապնդումներով, և ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որի պայմաններում ընտրություններում առաջադրվեցին բացառապես նախօրոք «նշանակված» թեկնածուները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ընտրությունների ամենագարշելի տեսարանը` բուն ընտրությունների օրը, Ալիևի ընտանեկան լուսանկարներն էին Արցախի Հանրապետության նախագահական նստավայրից, որն այդ օրը ընտրական տեղամասի էր վերածվել:
Այս ընտրությունների ինտրիգը, բնականաբար, ոչ թե այն էր, թե ով կընտրվի, որովհետև ամեն ինչ պարզ էր, այլ այն, թե ինչու է իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 1.5 տարի շուտ Ալիևը գնում արտահերթ ընտրությունների ճանապարհով:
Եթե համախմբենք հիմնական կարծիքներն ու դիտարկումները, ապա պատկերը մոտավոր հետևյալն է․
1. Իլհամ Ալիևն այս հանգրվանային փուլում, երբ ամբողջական վերահսկողություն է հաստատել Արցախի և որոշ ուղղություններով ՀՀ տարածքների նկատմամբ, փորձում է կապիտալիզացնել ձեռք բերածը:
2. Ալիևը մտահոգություն կամ կասկածներ է ունեցել, որ հերթական ընտրությունների նախաշեմին, արտաքին միջամտությամբ, ներքաղաքական խնդրահարույց պրոցեսներ կգեներացվեն, և հրատապ արտահերթ ընտրություններ նշանակելով՝ հնարավորություն չտվեց գործընթացներ «եփել»:
3. Ադրբեջանից հնչող կոշտ հռետորաբանությունն ու Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի կիսափակուղային/փակուղային վիճակը մեծացրել է նոր մարտական գործողությունների հավանականությունը, և նոր նախաձեռնությունից առաջ Ալիևը փորձում է ընդգծել իր բարձր լեգիտիմությունը:
Բնականաբար դիտարկելի են նաև այլ պատճառներ, սակայն մեկ բան ակնհայտ է` Ադրբեջանը պատրաստվում է նոր խոշոր գործընթացների:
Թե ո՞ր ուղղությամբ այդ պրոցեսները կշարժվեն, կհաջողվի՞ Ալիևին, թե՞ ոչ, դա դեռ խոր քննարկման թեմա է` պայմանավորված մեծ թվով գործոններով և առաջին հերթին նրանով, թե առաջիկայում միջազգային դերակատարների դիմակայությունը ի՞նչ հետևանքներ կունենա և մեր տարածաշրջանում ինչպիսի՞ «մանյովրի» դաշտ կամ հնարավորություն կբացի»,- գրել է Աբրահամյանը։
Add new comment