Ադրբեջանը իր գործողություններով հետին պլան է մղում խաղաղության գործընթացը․ Սեյրան Օհանյան
Ադրբեջանի գործողությունները հետին պլան են մղում խաղաղության ամբողջ գործընթացը։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով հարցին՝ եթե Բրյուսելում հաջողվի եռակողմ հանդիպում կազմակերպել Ադրբեջանի հետ, Հայաստանն ի՞նչ օրակարգով պետք է գնա այդ հանդիպմանը:
«Հայաստանի համար արտաքին քաղաքականությունն այն ուղղություններից մեկն է, որ երաշխիք է ձևավորում մեր անվտանգության համար: Բացառապես Հայաստանի շահերից ելնելով՝ պետք է գնալ այդպիսի հանդիպումների: Իսկ այսօրվա վիճակը, նամանավանդ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, «խաղաղության» պայմանագրում գործուն կետերի բացակայությունը, Արցախի հարցի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը, հանցավոր կերպով ցեղասպանության իրականացումը, կարծես թե, որոշ չափով հետին պլան են գցում այսօրվա խաղաղության ամբողջ գործընթացը և բերում այն եզրակացության, որ Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը Հայաստանի համար որոշակի խաբկանք է»,- ասել է Օհանյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է բոլոր հարթակներն օգտագործի որոշակի հաջողություններ ունենալու համար՝ շեշտելով, որ Հայաստանը պետք է մասնակցի բացառապես այնպիսի գործողությունների այնպիսի հարթակներում, որտեղ ՀՀ շահերն առաջ կտարվեն։
Add new comment