Էրդողանը Գազայի վրա Իսրայելի հարձակումները համեմատել է նացիստների հարձակումների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծումը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների հարձակումների հետ։ Ըստ «Դետք»-ի՝ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Էրդողանն ասել է Ստամբուլում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Նա պնդել է, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ Իսրայելը և նրա օկուպացիոն ուժերը սպանում են պաղեստինցիներին՝ հիմնականում երեխաների և կանանց, հազարավոր պաղեստինցիներ ենթարկվել են դաժան խոշտանգումների։
«Ավելի քան 67.000 անմեղ պաղեստինցի վիրավորվել է Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով, որոնք ուղղակիորեն թիրախ են դարձնում խաղաղ բնակիչներին։ Աղոթատեղիները, դպրոցները, հիվանդանոցները և քաղաքացիական բոլոր ենթակառուցվածքները դարձել են իսրայելական հարձակումների թիրախ, որոնք համեմատելի են նացիստների հարձակումների հետ»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի առաջնորդը հիշեցրել է, որ իր երկիրը և իսլամադավան այլ պետությունները լուրջ ջանքեր են գործադրում, որպեսզի մարդկության դեմ Իսրայելի հանցագործություններն ու պատերազմի կանոնների խախտումները միջազգային հանրության կողմից աննկատ չմնան։
«Մենք շարունակում ենք դիվանագիտորեն աշխատել՝ երաշխավորելու, որ իսլամական երկրներն արձագանքեն և միասին գործեն Գազայում Իսրայելի ճնշումների դեմ: Մենք կշարունակենք մեր պայքարն այնքան ժամանակ, մինչև 1967 թվականի սահմաններում ստեղծվի անկախ, ինքնիշխան և տարածքային ամբողջական պաղեստինյան պետություն, որի մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմն է»,- եզրափակել է նա։
Add new comment