Ադրբեջանական կողմը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի զավթմամբ բավարարվել չի պատրաստվում․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանական հանրային «Az TV» հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկման ժամանակ անդրադարձ է արվում ընտրություններից անմիջապես հետո Ալիևի այցին դեպի ՀՕՊ կայանքներ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Հաղորդման մեջ նշվում է՝ Ալիևի ուղերձը հետևյալն էր՝ շարունակվելու է Շուշիի թուրք-ադրբեջանական դեկլարացիայի կետերի իրագործումը։ Այդ դեկլարացիան ռազմաքաղաքական պակտ է՝ ուղղված նախևառաջ Հայաստանի, բայց երկարաժամկետ առումով նաև տարածաշրջանի այլ պետությունների դեմ։
«Նախագահ Ալիևն այն ուղերձն է հղել, որ բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե Ադրբեջանը հանգստանալու է Ղարաբաղը վերցնելուց հետո, սխալվում են»,- ասվում է թողարկման մեջ։
Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ վերահաստատում է այն պարզ ու հայտնի իրողությունը, որ իրենք Լեռնային Ղարաբաղի զավթմամբ բավարարվել չեն պատրաստվում։
Այս ագրեսիվ հռետորաբանությունը, քարոզվող ատելությունն ու թշնամանքը կարելի է ուղղել հենց Բաքվի դեմ։ Բայց փոխարենը ՀՀ իշխանությունների կողմից ընտրվել է տակտիկա, որն արդարացնում է ագրեսիան ու պատերազմը, իսկ դա շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու մեր պետության համար»,- գրել է ադրբեջանագետը։
Add new comment