Հայաստանում Իրանի դեպանը կարծում է, որ ՀՀ-ն կարող է դառնալ տրանսպորտային հաբ
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է՝ կոմունիկացիաների դիվերսիֆիկացումն իր հերթին նպաստում է, որ կապերը դիվերսիֆիկացվեն, իսկ Հայաստանի երթուղին դեպի Սև ծով ավելի կարճ է, քան Ադրբեջանի տարածքով անցնող երթուղին: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին իրանցի դիվանագետն ասել է «NEWS.am» լրատվականին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե Իրանը, Ռուսաստանը և Հնդկաստանը շարունակո՞ւմ են Հայաստանը դիտարկել որպես «Հյուսիս-հարավի» հիմնական երթուղի:
«Եթե մենք կարողանանք համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծել, ինչպես նաև ճանապարհային սակագները նվազեցնել, Հայաստանը կդառնա այս տարածաշրջանի տրանսպորտային հաբը: Սա տնտեսական հարց է, տրանսպորտային հարց է, բնականաբար, եթե բեռնատար մեքենայի վարորդը տեսնում է, որ եթե տվյալ երթուղով անցնելն իր համար ավելի ձեռնտու է, ինքը այդ ճանապարհն է ընտրում: Դա ինքնիշխանության հարց չէ, դա զուտ տնտեսական հարց է»,- ասել է նա:
Հարցին, թե իրանական կողմը հնարավորություն տեսնո՞ւմ է ներդրումներ անելու Հայաստանում «Հյուսիս-հարավ» տրանսպորտային նախագծում, դեսպանը պատասխանել է, որ իրենք բավական մեծ ներդրումներ են կատարել Իրանում համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու համար:
«Հայաստանը հիմա Ասիական բանկի միջոցով, իր բյուջեից և բազմաթիվ հնարավորություններից օգտվելով աշխատանքներ իրականացնում է: Կարող են լինել ընկերություններ, որոնց համար հետաքրքրական լինի, իրենք, կարծում եմ, պատրաստ կլինեն նման քայլ ձեռնարկել: Այստեղ կարևոր է, որ այդ ճանապարհը կառուցվի»,- նշել է նա:
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը շահագրգռված է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմամբ, որի միջոցով մեր երկիրը կդառնա «Հյուսիս-հարավ» տնտեսական միջանցքի մի մասը։ Այս համատեքստում Իրանն աջակցում է հատկապես Սյունիքում կառուցվող ավտոճանապարհներին, որի միջոցով զսպում է նաև թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնություններն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։
Add new comment