Ադրբեջանը, գործողություններին զուգահեռ, իրականացնում է նաև տեղեկատվական գրոհ
Ադրբեջանական կողմը փետրվարի 12-ին հայտարարեց, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայաստանցի դիրքապահները կրակ են բացել, ինչի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Այնուհետև տարածվեց կեղծ դիպուկահարի «հայտնաբերման» տեսանյութ:
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր:
Ադրբեջանական կողմը հաստատեց դա` նշելով, որ փետրվարի 13-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները «վրեժ» գործողություն են իրականացրել՝ ի պատասխան իբրև թե երեկ տեղի ունեցած հայկական սադրանքի։
ԵՄ առաքելության նկատմամբ տեղեկատվական գրոհ
Փետրվարի 12-ին Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ։ Նշվել էր, որ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեությունը, հակառակ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների, լուրջ մտահոգություն է առաջացնում. «ԵՄ-ին լուրջ կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ չեզոք, քաղաքացիական և անզեն առաքելություն իրականացնելու համար՝ Հայաստանի տարածքում տեղակայված առաքելության մանդատի համաձայն, և զերծ մնալ Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած գործունեությունից կամ որևէ կերպ երկրի օրինական անվտանգության շահերի վրա ազդելուց»։
ԵՄ կողմի ուշադրությանն է ներկայացվել, որ դիտորդական առաքելությունը, ըստ էության, «հեռադիտակային դիվանագիտության» գործակալի է վերածվել՝ կազմակերպելով եվրոպական պաշտոնական և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերը սահմանային շրջաններ։
Զուգահեռ այսօր Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերությամբ թիրախավորվել է ԵՄ դիտորդական առաքելությունը։ Ադրբեջանը նպատակ է հետապնդում առաքելությանը հեռացնելու տարածաշրջանից։
Հակաֆրանսիական քարոզչություն
«Report» լրատվական գործակալության տնօրեն Ֆուադ Հուսեյնալիևն այսօր ARB24 հեռուստաընկերության եթերում իր ելույթի ժամանակ Ֆրանսիան անվանել է «հայկական սադրանքների պատվիրատու»:
«Եվրոպան, Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ փաստացի կողմ են տարածաշրջանում հակամարտությունը վերսկսելուն: Այսպիսով` նրանք փորձեցին գործիքներ տալ ռևանշիստական ուժերին։ Եվրամիության առաքելության թվի ավելացումը, որը պետք է դիտարկի սահմանին անվտանգության հետ կապված գործընթացները, բացահայտում է Արևմուտքի իրական նպատակը։ Նպատակը Հայաստանում ռևանշիստական ուժերին հեռու պահելն է, զինելն է, հակամարտությունը խաղաղ պայմանագրով չավարտելը։ Հայաստանի վերջին սադրանքը դրա վառ օրինակն է»,- նշել է նա:
Այս դրույթները գրեթե նույնությամբ կրկնվում էին Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերությամբ և ադրբեջանական ԶԼՄ-ներում:
Խաղաղության կեղծ օրակարգ
Ադրբեջանի ԱԳՆ-ն ռազմական գործողություն հրահրելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ. «Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին և կոչ է անում հայկական կողմին զերծ մնալ ռազմական սրացումներից, որոնք կարող են վտանգել այդ ուղղությամբ ջանքերը»։
Ադրբեջանի այս քաղաքականությունը փաստում է, որ խաղաղության օրակարգն ընդամենը գործիք է ռազմական ճանապարհով իրենց նպատակներն իրագործելու համար: Հայաստանի հետ խաղաղության հաստատման մասին հայտարարությունները որևէ առումով չեն համապատասխանում իրականությանը:
Նկարը՝ արխիվից
Add new comment