Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի ռազմածովային ուժերը հեռահար գործողության բալիստիկ հրթիռ են արձակել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը զորավարժությունների ընթացքում հաջողությամբ արձակել են հեռահար գործողության բալիստիկ հրթիռ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը մի քանի նոր ձեռքբերում ունեն, որոնցից մեկն Իրանի Օդատիեզերական ուժերի հետ համատեղ իրականացված հեռահար գործողության բալիստիկ հրթիռի հաջող արձակումն է»,- ասել է նա։

Իրանցի հրամանատարը նշել է, որ Իրանի դեմ ցանկացած քայլին կամ դավադրությանը համապատասխան կոշտ արձագանք է հաջորդելու։ Նրա խոսքով՝ Թեհրանը կողմնակից չէ լարվածության, սակայն իր դեմ ուղղված սպառնալիքները չի կարող անպատասխան թողնել։

«Մեր ռազմածովային պաշտպանությունը և հարձակողական ուժը՝ մեծ քանակությամբ անօդաչուներով, թևավոր հրթիռներով, հիմա էլ բալիստիկ հրթիռներով, որոնք կարող են խոցել նավեր ծովում, ցուցադրում են արդիական տեխնոլոգիաների բարդ հավաքածու»,- եզրափակել է Սալամին։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս երկրի պաշտպանունակության բարձրացմանն ուղղված միջոցառումներին։ Այս նպատակով երկրի զինված ուժերի ստորաբաժանումները պարբերաբար զինվում են գերժամանակակից սպառազինությամբ, որի միջոցով փորձում են տարածաշրջանում պահպանել ուժերի հավասարակշռությունը։

Add new comment