Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանը խստորեն դատապարտում է Ռաֆահի վրա Իսրայելի ​​ռեժիմի ավիահարվածները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին խստորեն դատապարտել է Իսրայելի օդային հարվածները Ռաֆահի բնակելի և քաղաքացիական շրջանների վրա, որոնք հանգեցրել են տասնյակ պաղեստինցի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ զգալի թվով երեխաների նահատակության։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ Ռաֆահում իսրայելական զորքերի ցամաքային գործողությունը կարող է հումանիտար աղետ առաջացնել և դառնալ սիոնիստական ​​ռեժիմի հերթական ռազմական հանցագործությունն անպաշտպան պաղեստինյան ժողովրդի դեմ։ Նրա խոսքով՝ Գազայի այդ շրջանում ռազմական գործողությունների մեկնարկը կհակասի հրադադարի մասին բանակցությունների փաստին և Արդարադատության միջազգային դատարանի վճռին, որը հրեական պետությանը պարտավորեցնում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պաղեստինյան անկլավի տարածքում ցեղասպանությունը կանխելու համար։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև կոչ է արել ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու ռազմական գործողությունն անկլավում։ Նա նշել է միջազգային կառույցների, հիմնականում ՄԱԿ-ի պատասխանատվությունը Գազայի հատվածում սիոնիստական ​​ռեժիմի շարունակվող հարձակումը կասեցնելու հարցում:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Իսրայելի օդուժն ավիահարվածներ է հասցրել Ռաֆահ քաղաքի վրա, ինչը դարձել է 100 մարդու մահվան պատճառ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ էին:

#Դետքի_հետագծով

Չնայած բազմաթիվ երկրների հորդորներին, այդ թվում՝ իր դաշնակից երկրներից, Իսրայելի վարչակարգն օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքի ուղղությամբ, որտեղ կենտրոնացած էր անկլավի խաղաղ բնակչությունը։ Սա առաջացրել է Իրանի դժգոհությունը, որը քայլեր է ձեռնարկում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ռեժիմին միջազգային պատասխանատվության ենթարկելու համար։ 

Add new comment