Submitted by D.Guyumjyan on
DETQ

Էրդողանը վերահաստատում է՝ Թուրքիան պատրաստ է Գազայի հարցում միջնորդ դառնալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է՝ Անկարան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ և երաշխավոր Իսրայելի ու Պաղեստինի միջև հակամարտությունը կարգավորելու հարցում։ Ըստ «Դետք»-ի՝ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Էրդողանն ասել է Դուբայում կայացած Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում։

Էրդողանը շեշտել է, որ եթե Իսրայելն իսկապես ցանկանում է տևական խաղաղություն, ապա պետք է հրաժարվի իր ծավալապաշտական քաղաքականությունից: Ըստ նրա՝ առանց պաղեստինյան պետության ստեղծման պաղեստինյան հիմնախնդրի լուծում չի լինի, դրան ուղղված ցանկացած փորձ կձախողվի։

Թուրքիայի առաջնորդը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար պետք է ստեղծել պաղեստինյան անկախ պետություն։ Նրա խոսքով՝ Պաղեստինի պետությունը պետք է ընդգրկի 1967 թվականի սահմանները, իսկ դրա մայրաքաղը լինի Արևելյան Երուսաղեմը:

«Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել, այդ թվում՝ որպես գործընթացի երաշխավոր և միջնորդ: Մենք երբեք չենք լքի մեր պաղեստինցի եղբայրներին ու քույրերին»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Չնայած Իսրայելի հետ որոշակի կապերի պահպանմանը՝ Թուրքիան դատապարտում է Գազայում վերջինիս գործողությունները և աջակցում Պաղեստինի՝ որպես անկախ պետության ձևավորմանը։ Թուրքիայի այս նախաձեռնությանն աջակցում են իսլամական աշխարհի ազդեցիկ դերակատարները, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը նույնպես կողմնակից է Պաղեստինի անկախությանը։

 

Add new comment