Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հեռանկարները. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը քննարկում են հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հեռանկարները։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին նա ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։
«Քննարկված հարցերի թվում են հայ բնակչության՝ Ղարաբաղ վերադառնալու հեռանկարները՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ, համատեղ պարեկային հսկողության կազմակերպումը, մշակութային, պատմական և կրոնական ժառանգության հուշարձանների պահպանությունը»,- ասել է ռուս պաշտոնյան։
Հաղորդվում է, որ Զախարովային խնդրել են նաև մեկնաբանել ռուսական կողմի մոտեցումները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների ապագայի վերաբերյալ։ Նա հայտնել է, որ ռուս-ադրբեջանական հաջորդ շփումների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ։
«Մեր երկխոսությունն այս ոլորտում կանոնավոր է և կառուցողական»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Արցախում ռուս խաղաղապահները տեղակայվել էին 5 տարի ժամկետով, և նրանց գործունեության ժամկետն ավտոմատ երկարաձգվելու էր, եթե ժամկետի ավարտից 6 ամիս առաջ կողմերից որևէ մեկը նրանց դուրսբերումը չպահանջեր։ Այն բանից հետո, երբ Հայաստանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ խաղաղապահների հետագա գործունեության հարցերը քննարկելու է բացառապես Ադրբեջանի հետ։
Add new comment