Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանը մերձավորարևելյան խմբավորումներին հորդորդել է չհրահրել ԱՄՆ-ին

Իրանը զգուշանում է ԱՄՆ-ի հետ ուղղակի առճակատում հրահրելուց և մասնավոր կերպով կոչ է արել «Հիզբոլլահին» և Մերձավոր Արևելքի այլ զինված շարժումներին զսպվածություն ցուցաբերել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերի նկատմամբ: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է «The Washington Post»-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրներին։

«Երբ ԱՄՆ-ի ուժերն այս ամիս հարվածներ հասցրին Իրանի աջակցությունը ստացող խմբավորումներին Եմենում, Սիրիայում և Իրաքում, Թեհրանը հրապարակայնորեն նախազգուշացրեց, որ իր զինվորականները պատրաստ են պատասխանել ցանկացած սպառնալիքի: Սակայն, ըստ բանակցություններին տեղյակ լիբանանյան և իրաքյան պաշտոնյաների, բարձրաստիճան ղեկավարները մասնավոր կերպով կոչ են անում զգույշ լինել»,- հայտնում է թերթը:

Հաղորդվում է, որ օրեր անց այն բանից հետո, երբ իրաքյան շիական «Քաթաիբ Հիզբոլլահ» խմբավորումը ստանձնեց երեք ամերիկացի պահեստայինների սպանության պատասխանատվությունը, իրանցի զինվորական հրամանատարը հունվարին վայրէջք կատարեց Բաղդադում և պահանջեց, որ շարժման առաջնորդները հայտարարություն հրապարակեն ամերիկյան օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու մասին: Իրաքցի պաշտոնյան թերթին ասել է, որ առաջնորդները դժկամությամբ են համաձայնվել դրան:

Լիբանանյան «Հիզբոլլահ» շարժման աղբյուրը թերթին հայտնել է, որ փետրվարին Լիբանանում կայացած հանդիպման ժամանակ իրանցի պաշտոնյաները շարժման անդամներին վստահեցրել են, որ իրենք շահագրգռված չեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Լիբանանում կամ ցանկացած այլ վայրում ավելի լայն պատերազմ սկսելու համար առիթ տալու հարցում։ 

#Դետքի_հետագծով

Հունվարին Իրանը հարվածներ էր հասցրել Սիրիայի, Իրաքի և Պակիստանի սահմանամերձ շրջաններին, ինչից հետո բավականին մեծացել է ԱՄՆ-ի հետ ուղիղ առճակատման վտանգը։ Սա չափազանց աղետալի հետևանքներ կարող է ունենալ ողջ տարածաշրջանի համար, ինչի համար էլ ինչպես Թեհրանը, այնպես էլ Վաշինգտոնը քայլեր են ձեռնարկում նման զարգացում թույլ չտալու համար։

Add new comment