«Հայաստանը Ադրբեջանին փոխանցել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ և ստացել պատասխան»․ Արարատ Միրզոյան
«Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները»,- Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Դեկտեմբերին նախատեսվում էր իմ և նախարար Բայրամովի, ինչպես նաև նախարար Լավրովի հերթական հանդիպումը, այն պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց Բերձորի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց մասնակցությունը։ Չնայած այս հանգամանքին՝ մենք ադրբեջանական կողմին փոխանցեցինք մեր նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Պետք է տեղեկացնեմ, որ մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական հերթական արձագանքը և առաջարկները։ Սա շարունակական գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա՝ մի քանի փուլերով փոխանակելով առաջարկները և շարունակելով քննարկումը»,- ասել է նախարարը։
Չնայած Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակին՝ Հայաստանի ԱԳ նախարարն արձանագրեց, որ բանակցությունները շարունակվում են․ «Իհարկե, այդ բանակցությունների հաջող և ավելի հարթ ընթացքին ամենևին չեն նպաստում, եթե չասենք՝ խոչընդոտում են, Ադրբեջանի շարունակական հակահայկական, ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզը հայերի նկատմամբ, ինչպես նաև «գետնի վրա» ագրեսիվ գործողությունները»։
Ըստ Միրզոյանի՝ Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված բանակցություններում․ «Մենք նպատակ ունենք շարունակելու գործադրել մեր ակտիվ ջանքերը տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում»։
Add new comment