Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանն ու Հայաստանը երկկողմ համագործակցության զարգացման ճանապարհին են․ Իրանի ծրագրային և բյուջետային կազմակերպության ղեկավար

Իրանի Իսլամական Հանրապետության ծրագրային և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրը հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանը երկկողմ համագործակցության զարգացման ճանապարհին են։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Մանզուրն ընդգծել է Իրանի և Հայաստանի վճռականությունն ու ջանքերը տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Նա հիշեցրել է, որ կողմերը անցյալ հինգշաբթի 19 ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել երկու երկրների տնտեսական միջկառավարական  համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակում:

«Տնտեսական միջկառավարական  համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակում տեղի ունեցած բանակցություններում վերստին քննարկվել են Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ոլորտները։ Հայաստանի օրակարգում է Թեհրանի և Երևանի միջև տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացումը, և մենք փորձում ենք առևտրային փոխանակումների ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տնտեսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի փակման արարողությունը, որին, Դավուդ Մանզուրից և իրանցի այլ պաշտոնյաներից բացի, ներկա էր նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

#Դետքի_հետագծով

Հայաստանն ու Իրանը վերջին տարիներին լուրջ քայլեր են ձեռնարկում երկկողմ փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի հատկապես տնտեսական ոլորտը, որտեղ երկու երկրները բազմաթիվ ընդհանուր շահեր ու հետաքրքրություններ ունեն։

Add new comment