Submitted by H.Andreasyan on

ՀՀ-ի ռազմական համագործակցությունները նպատակ ունեն բարձրացնելու դիմադրության մակարդակը, ապահովելու տարածքային ամբողջականությունը․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ի իր էջում արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին, որոնք հնչել էին փետրվարի 21-ին Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Ես կարդացի Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն, ի պատասխան երեկ Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարների մամուլի ասուլիսի ժամանակ արված կառուցողական, խաղաղ հայտարարությունների։

Եվ ինչ զարմանալի է, որ իբր խաղաղության ճանապարհին գտնվող, բայց իր զինված ուժերում անդադար ագրեսիվ զորավարժություններ անցկացող և այն շարունակ զինող երկրի պաշտոնական ներկայացուցիչն անում է տարածաշրջանում լարվածությունն ու ապակայունացումը դատապարտող հայտարարություններ՝ հիմնվելով միայն մամուլի ասուլիսի վրա:

Արդյո՞ք Ադրբեջանի այս ռազմատենչ հայտարարությունները, էթնիկ զտումները, օկուպացիոն զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս չբերելը և սահմանային անդադար սադրանքների կազմակերպումը մեր տարածաշրջանն ապակայունացնող պատճառները չեն։

Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունները մեկ նպատակ ունեն՝ բարձրացնելու դիմադրության մակարդակը և ապահովելու մեր ինքնիշխան տարածքների ամբողջականությունը»,- գրել է Մարուքյանը։

Add new comment