Երկու տարի է անցել այն բանից հետո, երբ Պուտինը հրամայեց պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ. ի՞նչ է փոխվել Ռուսաստանում
«Ես ապրում եմ քաղաքի հենց կենտրոնում, և երեք-չորս բան ընկավ իմ տան մոտ։ Ես չգիտեմ՝ դա ա՞րկ էր, բեկո՞ր, թե՞ այլ բան,- ասում է 21-ամյա Յուլյան՝ լրագրող Բելգորոդից, որը խնդրել է «Al Jazeera»-ին օգտագործել միայն իր անունը:- Մոտակայքի շենքերը լրջագույն վնասներ կրեցին։ Իմ շենքին ոչինչ չէր եղել, բայց տեսարանը բավականին վախեցնող էր, ձայնն ականջներումս է։ Այդ պահին միայն մտածում ես՝ սա վերջն է»:
2022 թ. փետրվարից հետո, երբ Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Ուկրաինային, Բելգորոդ քաղաքը մի քանի անգամ ենթարկվել է ռմբակոծությունների, բայց դեկտեմբերյան կրակը ամենամահացուն էր։
Առնվազն 25 խաղաղ բնակիչ, որոնց թվում՝ նաև երեխաներ, սպանվել է Ուկրաինայի զինված ուժերի վրա արձակած հարվածների հետևանքով։
Ռուսական սահմանամերձ քաղաքի բնակիչների համար պատերազմը «տուն էր եկել»։
«Դեկտեմբերի 30-ից մթնոլորտը կտրուկ փոխվեց, որովհետև Բելգորոդի բնակիչները վերջապես զգացին՝ ինչ է պատերազմը, որ այն իրենց դռան առջև է, և որ քաղաքում առաջվա նման ապահով չէ,- պատմում է Յուլյան։- Կյանքը մեծապես փոխվել է»:
Լրագրողը նշել է, որ երեխաներն արդեն գիտեն՝ ինչ բան է պատսպարվելը, միանգամից ճանաչում են օդային հարձակման ազդանշանների ձայնը և գիտեն, թե ինչպես կապել տուրնիկետը՝ արյունը դադարեցնելու համար. «Այժմ խորհուրդը չի քննարկում, թե քանի կակաչ տնկել ամառային փառատոների համար, այլ թե ինչպես ներկել ռումբերի ապաստարանների ներսը: Կարծում եմ՝ կյանքը Բելգորոդում երբեք նույնը չի լինի»։
Տնտեսությունը
2022 թվականի փետրվարի 24-ի ներխուժումից հետո շաբաթների ընթացքում Ռուսաստանի համար պատկերը մռայլ էր, քանի որ ռուբլին արժեզրկվել է, իսկ օտարերկրյա ներդրողները պարզապես հրաժարվում են ներդրումներ կատարելուց:
Սակայն տնտեսությունը դիմակայել է պատժամիջոցներին։
«Ռուսական տնտեսությունն անցել է բազմաթիվ սթրեսների միջով,- ասել է տնտեսագետ Արտեմ Կոչնևը։- Առաջինը 2014 թվականին էր, երբ սահմանվեց պատժամիջոցների առաջին փուլը, և Ռուսաստանը որոշ դասեր քաղեց դրանից՝ մասնավորապես կառուցելով ազգային ֆինանսական ենթակառուցվածք և խստացնելով վերահսկողությունը ֆինանսական հատվածի վրա: Երկրորդը «COVID»-ի ճգնաժամն էր և այն, թե ինչպես են նրանք փորձել կառավարել լոգիստիկան շատ արագ փոփոխվող հանգամանքներում: Այսպիսով՝ նրանք ունեին որոշակի փորձ, որից կարող էին օգտվել»։
Կոչնևը հավելել է, որ պատժամիջոցների աստիճանական կիրառումը Ռուսաստանին ժամանակ է տվել նավթի արտահանումը վերափոխելու համար։
Եվրամիությունը դադարեցրել է իր ներկրումները Ռուսաստանից, փոխարենը Ռուսաստանը դիմել է Չինաստանին և Հնդկաստանին՝ օգտագործելով նավերի «ստվերային նավատորմը»։
Ռուսաստանն ուներ նաև հսկայական կանխիկ պահուստներ իր նավթի վաճառքից, որոնք ի սկզբանե մի կողմ էին դրվել նավթի գների ցանկացած անկումից ցնցումները փոխհատուցելու համար:
«Այժմ այդ գումարներն օգտագործվել են բոլորովին այլ նպատակի՝ պատերազմի ֆինանսավորման համար,- նշել է Կոչնևը։- Սա հարկաբյուջետային խթան է, որն իրականում ավելի մեծ է, քան այն, ինչ կառավարությունը ներդրել է տնտեսության մեջ «COVID»-ի ճգնաժամի ընթացքում»:
Համաշխարհային խոշոր ապրանքանիշները, ինչպիսիք են «McDonalds»-ը և «Starbucks»-ը, լքել են Ռուսաստանը և ստիպված են եղել վաճառել իրենց ակտիվները շուկայական արժեքից շատ ցածր գնով նախքան վերաբրենդավորումը: Օրինակ՝ «Starbucks»-ը դարձել է «Stars Coffee»:
Մի քանի ընկերություն փաստացի ազգայնացվել է:
Կոչնևի խոսքով՝ ակտիվները հիմնականում բաժին են ընկել հզոր անձանց, ինչը կարող էր որոշակի շփում ստեղծել էլիտաների միջև:
Add new comment