Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանը դատապարտում է Եմենի վրա ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հարձակումները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին դատապարտել է Եմենի վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումները՝ նշելով, որ դրանք ոչնչի չեն հանգեցնի՝ բացի տարածաշրջան անկայունություն և անապահովություն բերելուց։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ նման հարձակումները հակասում են միջազգային օրենքներին և խախտում Եմենի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ «ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք Գազայի հատվածում և Արևմտյան ափին սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործությունների ու ցեղասպանության լիարժեք կողմնակիցներն են»,- ասել է նա։

Քանաանիի համոզմամբ՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան խախտում են  բարոյական բոլոր սկզբունքները, միջազգային օրենքները և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, որպեսզի ապահովեն Թել Ավիվի ռեժիմի անվտանգությունը:

«Անապահովության բուն պատճառը, որն Իսրայելի ռեժիմն է, վերացնելուն ուղղված արդյունավետ ու անհապաղ միջոցներ ձեռնարկելու փոխարեն Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը ռազմական հարձակումներ են գործում մի երկրի վրա, որը փորձում է ճնշում գործադրել այս արնախում ռեժիմի վրա՝ դադարեցնելու նրա սպանիչ մեքենան»,- եզրափակել է Քանաանին:

#Դետքի_հետագծով

Հունվարից սկսած՝ Եմենում անկայուն իրավիճակ է տիրում, քանի որ ԱՄՆ-ն ու նրա գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները հարձակումներ են կազմակերպում երկրում։ Այս հարձակումների նպատակը Իրանը տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշելն է, սակայն Թեհրանն ամեն գնով կանխում է նման զարգացումը։

Add new comment