Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանը հերքում է ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ մատակարարելու պնդումները

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հերքել է այն մեղադրանքները, թե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է տրամադրել՝ Ուկրաինայում ընթացող պատերազմում օգտագործելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հայտարարության համաձայն՝ չնայած բալիստիկ հրթիռների վաճառքի իրավաբանական որևէ սահմանափակում չկա, Իրանը բարոյապես պարտավոր է ձեռնպահ մնալ զենքի գործարքներից ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ, որպեսզի չխորացնի պատերազմը։ Ասվում է, որ դա հիմնված է միջազգային օրենքներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը Իրանի կողմնակցության վրա։

Նշենք, որ ավելի վաղ բրիտանական «Reuters» գործակալությունը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանը Ռուսաստանին հսկայական քանակությամբ «երկիր-երկիր» դասի հրթիռներ է տրամադրել։

Թեմային արձագանքել է նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Ըստ նրա՝ Իրանի դեմ մեղադրանքների կրկնությունը՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ, «ձանձրալի է դարձել»։

#Դետքի_հետագծով

Ուկրաինայում հակամարտության մեկնարկից ի վեր Կիևը և նրա արևմտյան դաշնակիցները պարբերաբար մեղադրում են իրանական կողմին ՌԴ-ին սպառազինություն մատակարարելու մեջ։ Իրանը մշտապես հերքել է նման մեղադրանքները՝ նշելով, որ պատերազմող կողմերից ոչ մեկին սպառազինություն չի մատակարարում։

Add new comment