Ադրբեջանի ձեռամբ Ռուսաստանը ձգտելու է վիժեցնել Մյունխենում սկսված գործընթացը. փորձագետ
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Մյունխենի հարթակը, որը, ըստ էության, նոր իրողություն է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացի տարաբնույթ միջնորդական ձևաչափերի շղթայում, միանշանակ կերպով պետք է դիտարկվի՝ որպես ընդհանուր՝ արևմտյան, այսինքն՝ վաշինգտոնյան, բրյուսելյան և ԵՀՔ հարթակների շարունակություն, այլ ոչ որևէ կերպ՝ որպես նոր հարթակ, նոր օրակարգով։ Կասկածից վեր է՝ ադրբեջանական կողմը ձգտելու է գործընթացը ներկայացնել և առաջ մղել հենց այդ տրամաբանությամբ։
Մինչդեռ հայկական կողմի պնդումը պետք է լինի Մյունխենում նոր օրակարգի ներդրման ադրբեջանական փորձերի կանխումը և առնվազն 2023թ. հոկտեմբերին Ադրբեջանի կողմից բոյկոտված Գրանադայի հանդիպման ընթացքում նախապատրաստված օրակարգի վերարտադրումը։
Ի վերջո, կարևորը ոչ թե վայրն է, այլ բանակցային սեղանին եղած նյութը, թեկուզ թող դա լինի հեռավոր Լիսաբոնում։
Իսկ տվյալ դեպքում, հենց Ադրբեջանն էր վերջին ամիսներին ամեն կերպ փորձում հրաժարվել արևմտյան հարթակների օրակարգերից, որը տարբեր գործոններով պայմանավորված՝ Բաքվի կաշկանվածության միանշանակ ցուցիչ է։
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի արդյունավետությանը, ապա այնքան էլ մեծ չեն լավատեսական ակնկալիքները։ Քանի որ, բացի Բաքվի շարոնակվող առավելապաշտական դիրքորոշումից, միանշանակ է՝ թեմային միջամտելու է նաև Ռուսաստանը՝ Ադրբեջանի ձեռամբ ձգտելով վիժեցնել գործընթացը։ Քանի որ այն ինչ-որ փուլում կարող է հանգեցնել «նոյեմբերի 9»-ի ձևաչափի փաստաթղթավորված չեղարկմանը, այսինքն՝ Մոսկվայի ռազմավարական կորուստներին»։
Add new comment