Submitted by D.Guyumjyan on
detq

ԱՄՆ-ն ներգրավված է Գազայի դեմ Իսրայելի պատերազմի ընդլայնման մեջ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներգրավված է պաշարված Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ իսրայելական պատերազմի շրջանակների ընդլայնման մեջ դեպի Արևմտյան Ասիայի տարածաշրջանի այլ ճակատներ: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում է ընդլայնել Գազայի պատերազմը և ներգրավել Միացյալ Նահանգներին այնպես, որ դուրս գա Թել Ավիվի համար Վաշինգտոնի և նրա որոշ դաշնակիցների կողմից տրված համակողմանի աջակցության սահմաններից. «Ամերիկացիները դեռևս չունեն պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ կամք, բայց միևնույն ժամանակ նրանք հաղորդագրություններ են ուղարկում՝ հայտնելով դրա շրջանակի ընդլայնումը կանխելու իրենց պատրաստակամությունը, քանի որ քաջ գիտակցում են ընդլայնման վտանգը»։

Իրանի արտգործնախարարը նկատել է՝ ամերիկացիները մյուս կողմից ընդլայնում են պատերազմի շրջանակը Եմենի դեմ Միացյալ Թագավորության հետ համատեղ ագրեսիայի միջոցով։ Նրա խոսքով՝ այսօր Եվրոպայում բոլորը խոսում են պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին, սակայն Բրիտանիան երկակի խաղ է խաղում։

Աբդոլլահիանը հավելել է, որ Գազայի պատերազմի ինտենսիվությունը նվազեցնելու, այլ ոչ թե այն դադարեցնելու մասին Վաշինգտոնի հայտարարությունները «սխալ և չարամիտ վարքագիծ են, որը նշանակում է կանաչ լույս վառել Նեթանյահուի համար»՝ շարունակելու իր դաժան ագրեսիան:

«Ես Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին ասացի, որ Եմենի դեմ բրիտանա-ամերիկյան համատեղ ագրեսիան ռազմավարական սխալ է, որը նրանք թույլ են տալիս։ Եմենն ապացուցել է, որ ոչ մի կողմի հետ չի սակարկում իր հողերի անվտանգության հարցում: Նրանք կարողացել են փոխանցել այս ուղերձը և հստակ զգուշացրել են, որ Իսրայել ռազմական բեռներ տեղափոխող նավերը կկանգնեցվեն»,- եզրափակել է նա:

#Դետքի_հետագծով

Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Իսրայելի վարչակազմը չի դադարեցնում իր ռազմական գործողությունները Գազայի հատվածի դեմ։ Այս համատեքստում միջազգային դերակատարները տարբեր ջանքեր են գործադրում, որպեսզի հնարավոր լինի վերջ տալ պատերազմին, որը տասնյակ հազարավոր զոհերի պատճառ է դարձել։

 

Add new comment