0122

Ըստ Արցախի խորհրդարանի` ՀՀ կառավարության կողմից նախատեսվող ծրագրերը համարժեք չեն տիրող իրավիճակին. Տիգրան Աբրահամյան

Արցախի խորհրդարանական 5 խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում բավականին կոշտ գնահատականներ են հնչեցրել ՀՀ կառավարության` Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի վերաբերյալ: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ըստ Արցախի խորհրդարանի` ՀՀ կառավարության կողմից նախատեսվող ծրագրերը համարժեք չեն տիրող իրավիճակին:

Ընդ որում` մինչ այս պահը իրականացված ծրագրերը չեն քննարկվել ո´չ Արցախի խորհրդարանի, ո´չ կառավարության, ո´չ նախագահի հետ, իսկ Արցախի պաշտոնական շրջանակների` սեփական նախաձեռնությամբ, հայաստանյան իշխանությանը ներկայացված առաջարկներն անտեսվել են:

Ի դեպ, թեմային, Արցախի խորհրդարանական ուժերից բացի, անդրադարձել են արցախցի բազմաթիվ գործիչներ, հասարակական դեմքեր, պարզապես ակտիվ քաղաքացիներ, ինչն ակնհայտ է դարձնում, որ սրա հետ կապված խոր անհանգստություն կա:

Արցախի խորհրդարանը եզրակացնում է, որ նման որոշումների կայացումը հանգեցնելու է արցախցիների հիասթափությանն ու դժգոհությանը, որի արդյունքում կխթանվեն արտագաղթը և բողոքների ալիքը, կխաթարվի Արցախի համար օրախնդիր՝ հավաքական վերադարձի ակնկալիքը։

Մեծ առումով, Արցախն Ադրբեջան համարող իշխանությունից այլ բան դժվար է ակնկալել, համենայնդեպս կարևոր է, որ Արցախից պաշտոնական դիրքորոշում և գնահատական են հնչեցնում»,- գրել է Աբրահամյանը:

Add new comment