«Ո՞րն է ուղին մեր ներկայ հարեւան Ադրբեջանի եւ ինչո՞ւ կը ձգտի ան».  Ռուբեն Տեր-Մինասյանի հոդվածը` գրված 1927 թվականին, այժմեական է մեր օրերում

«Ո՞րն է ուղին մեր ներկայ հարեւան Ադրբեջանի եւ ինչո՞ւ կը ձգտի ան». Ռուբեն Տեր-Մինասյանի հոդվածը` գրված 1927 թվականին, այժմեական է մեր օրերում

Ռուբեն Տեր-Մինասյանը Հայաստանի հիմնադիրներից է, բարդ ու հետաքրքիր պատմական, ինչու չէ, նաև գեղարվեստական կերպար, որը թողել է բավականին ուշագրավ գրավոր ժառանգություն: Նրա համար չունեին գոյության սահմաններ, կաղապարներ, մարդկային պարզ զգացումներ:

Հայկական գիտակցության կրողը պետք է շատ բան հաղթահարի այսպիսի մոտեցում ձևակերպելու համար: Ընդ որում՝ Ռուբեն Տեր-Մինասյանը դա անում է՝ լինելով թուրքերի դեմ կռվի մեջ իր կյանքի բոլոր կարևոր պահերին: Մեկը մյուսին չի խանգարում, ինքն իր մեջ էլ կարծես կարողանում է տարբերակել իրականությունները, անկողմնակալ լինել յուրահատուկ սառցե անկողմնակալությամբ:

Ազգային-ազատագրական պայքարի գործիչ, Առաջին հանրապետության  ռազմական և ներքին գործերի նախարար, ՀՅԴ բյուրոյի երկարամյա անդամ Ռուբեն Տեր-Մինասյանի հոդվածը «Հայաստան եւ Ադրբեջան» վերնագրով, որը հրապարակվել է «Հայրենիք» ամսագրում 1927 թվականին,  այժմեական է մեր օրերում:

Տեր-Մինասյանի հոդվածը լավագույնն է ներկայացնում Ադրբեջան-Թուրքիա կապի «եղբայրության» և միասին լինելու ձգտումները: Ինչպես ներկայացված է հոդվածում, բոլոր այն ազգերը, որոնք չունեն պատմություն, փնտրում են ուժեղ հենարան և դառնում են հենարանի գործիքը: Թուրքիայի գործիքը Ադրբեջանն է. երեկ, այսօր և վաղը:

«Բոլոր դեռ չկազմակերպուած, անպատմութիւն ազգերը, որոնց անհատականութիւն լաւ չէ շեշտուած, կ’որոնեն ու կը գտնեն ուժեղ յենարան մը եւ կը դառնան անոր հաւատարիմ գործիքը։ Անոնք միշտ ալ կ’ըլլան ուժեղի կողմը, յաճախ իրենց սեփական շահերն իսկ զոհելով»։

Ինչպես 100 տարի առաջ, այսօր ևս Թուրքիան Ադրբեջանի համար ուժի ու հզորության մարմնացումն է, մոդել, որին պետք է նմանօրինակի: Եվ ադրբեջանական զանգվածի ուղղությունն ու նպատակն այդ «ուժն» է:

«Այս անձեւ զանգուածին աչքին Թուրքիան դարձած է մարմնացումը ուժի, բռնութեան, եւ ըլլալով անոր կրօնակիցը, անոր լեզուակիցը՝ ադրբեջանցին դարձած է թուրքին կողմնակիցը, անոր գործիքը։  Այս հանգամանքով ալ կ’որոշուի այժմ այս զանգուածին ուղղութիւնը կամ նպատակը Ադրբեջանցին այժմ ալ բնազդօրէն կը փորձէր ըլլալ թուրքին հետ, փչել անոր զուռնան, առանց հետաքրքրուելու, թէ այդ քայլէն ինք անձնապէս ի՛նչ պիտի շահէր։ Այս ի՛նչը հասկանալի էր լոկ մտաւորականներուն՝ Սուլթանովներուն, որոնք Ադրբեջանը կ’ուզէին վերածել թրքական վիլայէթի, իսկ զանգուածը ըստ էութեան կը շարունակէր մնալ նախկին հողի վրայ, այսինքն՝ օգնել ուժեղին, խփել ինկածին»։

Եվ ինչպես դարեր առաջ, այսօր էլ մեր միակ ցավը այս «միությունն է», և մենք՝ հայությունս, պարտավոր ենք չմոռանալ, որ այս երկրները չեն կարող դառնալ մեզ բարեկամ:

«Մէկ խօսքով՝ ադրբեջանցիին այսօրուան նշանաբանն է՝ ըլլալ թուրքին հետ, նոյնանալ թուրքին հետ, ծառայել անոր՝ ստեղծելու մեծ Թուրքիա առաջաւոր եւ միջին Ասիոյ շրջաններուն մէջ»։

«Այսօր դժբախտաբար մեր հիւսիսի կողմը, մեր մէջքին վրայ այս ցաւը, այս պալարն է գոյացած մեր միս ու արիւնէն։ Մենք պարտաւոր ենք մեր աչքերը փակ չպահել եւ հաշուի առնել ստեղծուած նոր դրութիւնը, պարտաւոր ենք գիտակցել իմաստին դեռ 1904-1905 թուականներուն Ադրբեջանի եւ Թուրքիոյ իտէօլօգ Աղայեւի հետեւեալ խօսքերուն. «Հայերդ շատ առաջ մի՛ վազէք, դուք պիտի զուգահեռ կամ ետեւէն գնաք Ադրբեջանի զանգուածներուն, հակառակ պարագային մենք պիտի դառնանք ջաղացի քար մը ձեր վզին կախուած, պիտի խորասուզուիք եթէ չենթարկուիք»»:

Ներքին և արտաքին թշնամին պատճառն է ներկայիս Հայաստանի թուլացման, հայերի պառակտման և անկման: Հայաստանի և հայերի առաջընթացի համար մեկ խոչընդոտի հետ հաշտ լինելու մասին դրույթները ցնորաբանություններ են միայն: Այս ջաղացի քարը երեկ և այսօր կանգնած է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների կոկորդին:

 «Ադրբեջանի գորշ զանգուածը այսօր խոչընդոտ է Հայաստանի առաջադիմութեան, պատճառ է մեր անկախութեան, ազատութեան անկման, ան պատճառ եղաւ եւ է մեր երկրի թուլացման եւ մեր ժողովրդի քայքայման։ Իրօք որ ան ջաղացքի քար է Հայաստանի եւ Անդրկովկասի վզէն կախուած։ Ադրբեջանի այս բացասական արժէքը հասկցած են թուրքերն ու ռուսները, եւ ըստ այնմ կը գործածեն զայն Անդրկովկասի ու Պարսկաստանի դէմ»։

Add new comment