Ալիևի հերթական պահանջը. ինչո՞ւ են ՀՀ Սահմանադրությունն ու պետական խորհրդանիշներն անհանգստացնում թուրք-ադրբեջանական տանդեմին
Թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է բացառապես մեր երկրին ներկայացված բոլոր պահանջ-վերջնագրերի անվերապահ կատարմամբ։ Բազմիցս առիթներ ենք ունեցել պնդելու, որ դրանց կատարումը ոչ միայն չի նպաստում գործընթացի առաջմղմանը, այլև հանգեցնում է նոր ու ավելի ծանր պահանջների առաջքաշմանը, որոնց կատարումն արդեն կխարխլի հայկական պետականության հիմքերը։
Վերջին շրջանում թիրախում է հայտնվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և պետական խորհրդանիշները, մասնավորապես զինանշանը փոխելու պահանջը։ Դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիայի առաջին տարելիցի օրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց էր տվել թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը և հայտարարել, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար ՀՀ-ն պետք է նոր սահմանադրություն ընդունի։
«Հայաստանի Սահմանադրության տեքստում հղումներ են արվում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին: Նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից»,- ասել էր Ադրբեջանի նախագահը, որին մի ժամանակ Հայաստանի վարչապետը կիրթ ու կառուցողական էր համարում։
Իրականում թուրք-ադրբեջանական տանդեմը դժգոհ է այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում հղում է կատարվում 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության հռչակագրին, որը Սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Այնտեղ միանշանակ հղում է կատարվում նաև այն դրույթին, որն ասում է. «ՀՀ Սահմանադրությունը սատար է կանգնում Արևմտյան Հայաստանում և Oսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը»։
Այսինքն՝ Հայաստանի՝ որպես պետության հիմնադիր փաստաթղթում պետության ստեղծման հիմնական նպատակներից մեկն ամրագրվել է Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման գործընթացին աջակցելու պարտավորությունը։ Սա փաստացի նշանակում է, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, չնայած իր սահմանափակ կարողություններին, չի հրաժարվում իր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի նկատմամբ իրավունքներից, որոնք կարող է վերականգնել աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների պայմաններում։
Թուրքիան և Ադրբեջանը բնականաբար այս ամենը շատ լավ գիտակցում են և դրա համար էլ նախքան Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորումը» փորձում են լուծել նաև այս խնդիրը։ Ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները սկսել են նաև թշնամու ներկայացրած այս պահանջը կատարել, ինչի համար էլ խոսում են նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին։
Այս տարվա հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարություն կատարած այցելության ժամանակ, ինչպես նաև հաջորդիվ հնչեցրած իր մի քանի հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պետք է նոր սահմանադրություն ընդունի, որը երկիրն ավելի ճկուն կդարձնի ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների պայմաններում։ Ուշագրավ է, որ Կառավարության ղեկավարն ընդգծեց ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը։
Փաշինյանի այս հայտարարությունը մեր երկրում սկսեց քննարկվել բացառապես ներքաղաքական համատեքստում. փորձագետները և հասարակ քաղաքացիները փորձում են հասկանալ, թե վարչապետը Սահմանադրության հատկապես որ դրույթներն է ցանկանում փոփոխության ենթարկել, որոնք, իր համոզմամբ, խանգարում են պետության ճկունությանը։
Կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանի այս ցանկությունն իրականում պայմանավորված է արտաքին իրողություններով, մասնավորապես տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մտադրությամբ, որը նրա գլխավորած կառավարությունը համառորեն առաջ է մղում՝ չնայած Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող սադրանքներին և հնչեցվող սպառնալիքներին։ Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցով քննարկումներ են ընթանում, որոնք դեռևս չեն հանրայնացվել և դրվել հանրաքվեի, սակայն շատ հավանական է, որ երբ սահմանադրության նոր տարբերակը պատրաստ կլինի, դրանում կբացակայեն վերոհիշյալ ձևակերպումները, որպեսզի դրանք «չխոչընդոտեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը»։
Ինչ վերաբերում է Հայաստանի զինանշանին, ապա Անկարան դժգոհ է, որ դրանում պատկերված է հայերի համար սրբազան Արարատ սարը, որը 1921 թվականին ստորագրված Մոսկվայի ու Կարսի ապօրինի պայմանագրերով է անցել Թուրքիային, իսկ դրանից առաջ երբեք վերջինիս տարածքում չի եղել։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ անգամ խորհրդային տարիներին, երբ Հայաստանը զրկված էր ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից, Արարատը պատկերված էր մեր զինանշանի վրա, և այն երբեք չհեռացվեց՝ չնայած Անկարայից մշտապես հնչող պահանջներին ու դժգոհություններին։
Վստահ ենք՝ եթե անգամ Հայաստանը կատարի Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացրած հերթական պահանջները, ապա դրանից հետո նույնպես Հայաստանի հանդեպ այս երկրների դիրքորոշումը չի փոխվելու։ Արցախյան հիմնահարցի ցավոտ օրինակով համոզվել ենք, որ թշնամու առաջ քաշած նախապայմանների կատարումը ոչ միայն չի նպաստելու այդ պահանջների նվազեցմանը, այլև ընդհակառակը, հանգեցնելու է նոր պահանջների ներկայացմանը։
Հատկանշական էր, որ Հայաստանի վարչապետի հիշյալ հայտարարությունից հետո Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն այս հարցում կոշտացրին իրենց հռետորաբանությունը և պարբերաբար սկսեցին բարձրաձայնել նշված հարցը։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ թշնամի երկու երկրները չեն ձգտում խաղաղության և հարմար առիթ են փնտրում՝ Հայաստանին նոր պահանջներ ներկայացնելու, ՀՀ ներքին գործերին միջամտելու, իսկ հետագայում ագրեսիայի ճանապարհով մեր երկրից նոր տարածքներ օկուպացնելու համար։
Հավելենք, որ Հայաստանի առաջին նախագահի պաշտոնավարման օրոք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության հարցն ընդգրկված չէր ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների շարքում, սակայն դա որևէ կերպ չնպաստեց, որ Թուրքիան կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները։ Ուստի վստահ ենք, որ Սահմանադրության և զինանշանի փոփոխությունից հետո էլ Անկարայի և Բաքվի նոր պահանջները չեն ուշանալու, իսկ կարգավորման գործընթացում էլ դրական տեղաշարժեր չեն լինելու։
Add new comment