Submitted by D.Guyumjyan on
DETQ

Ռայիսին խստորեն քննադատել է Իսրայելի հետ տնտեսական կապեր զարգացնող երկրներին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին սուր քննադատության է ենթարկել այն իսլամական երկրներին, որոնք տնտեսական հարաբերություններ են զարգացնում Իսրայելի հետ՝ Գազայի հատվածում պատերազմի ֆոնին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Ալժիրում կայացած՝ Գազ արտահանող երկրների 7-րդ ֆորումի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված հանդիպմանը խոսելով Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների մասին՝ Իրանի նախագահը քննադատել է իսլամական որոշ երկրների անտարբերությունն ու անգործությունը։

«Էր-Ռիադում Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստից հետո ոչ մի արդյունավետ քայլ չի ձեռնարկվել Գազայում սիոնիստների կատարած հանցագործությունները կասեցնելու համար։ Մինչդեռ տարածաշրջանային որոշ կառավարությունների տնտեսական հարաբերությունները սիոնիստական ​​ռեժիմի հետ շարունակվում են»,- ասել է նա։

Ռայիսին իր խոր ափսոսանքն է հայտնել, որ տարածաշրջանի կառավարությունները պաղեստինյան խնդրի լուծման հարցում ընկել են անգործության և չափից դուրս պահպանողականության մեջ։

«Մինչ պաղեստինյան մուսուլմանական ազգն այսօր ակնկալում է գործնական և արդյունավետ գործողություններ իսլամական կառավարություններից, կարելի է տեսնել, որ արաբական և իսլամական որոշ պետություններ անտարբեր են պաղեստինյան խնդրի նկատմամբ: Ինչպիսի՞ն է նրանց ժողովուրդների արձագանքը Պաղեստինի ճնշված ժողովրդի կոտորածին»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Իսրայելը չի դադարեցնում Գազայի հատվածում շարունակվող պատերազմը։ Այս ֆոնին Իրանը ձգտում է իսլամադավան երկրների կոալիցիա ձևավորել ընդդեմ այդ երկրի և խստորեն քննադատում է վերջինիս հետ տնտեսական հարաբերություններ զարգացնող երկրներին։

Add new comment