Ինչու Հայաստանն ընտրեց ոչ թե ՀԱՊԿ, այլ ԵՄ առաքելության տեղակայումը. մանրամասնում է Փաշինյանը
«Հայաստանը Եվրամիության կողմից հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայել է այլ պատճառով․ ԵՄ-ն հստակ գծագրել է, թե որն է ՀՀ սահմանը, իսկ ՀԱՊԿ-ը Հայաստանին չի պատասխանել ու չի նկարագրել, թե որն է ՀՀ սահմանը»,- ասել է վարչապետ Փաշինյանը՝ խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու է Հայաստանը կողմ արտահայտվել Եվրամիության դիտորդների ներկայությանը և չի արձագանքել ՀԱՊԿ առաջարկներին։
«ՀԱՊԿ պարագայում մենք խնդիր ենք ձևակերպել. ՀԱՊԿ-ն ունի մանրամասն նկարագրած փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգ։ Այնտեղ կան հստակ ըմբռնում ու հասկացություն ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին։ ՀԱՊԿ-ից մենք խնդրել ենք սկզբունքային մի բան․ ճշգրտել ՀԱՊԿ պայմանագրի պատասխանատվության գոտին ՀՀ-ում, այսինքն՝ մեզ ասել, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքը, բայց մենք հստակ պատասխան չենք ստացել»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա նշել է, որ 2022-ի հոկտեմբերին Պրագայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ ԵՄ-ն, Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, հստակ գծագրել է, թե որն է ՀՀ տարածքը․ «Իրենք գալիս են այդ տարածքը մոնիտորինգ անելու, դիտելու։ Առանց այդ պատկերացման դիտորդական առաքելության տեղակայումը կլինի առնվազն տարօրինակ»։
Նա ներկայացրել է, որ Ադրբեջանը վերջին շրջանում մեծ ծավալով խոսույթ էր ձևավորում, ըստ որի՝ հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ-ն ու Ռուսաստանը զորքեր են կուտակում՝ Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու համար։ Ըստ վարչապետի՝ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայմամբ ԵՄ-ն հնարավորություն կունենա տեսնելու՝ այդ խոսույթն իրականությանը համապատասխանում է, թե ոչ։
Add new comment