Մնում ենք մենք ու Իրանն՝ ընդդեմ Թուրանի. ռազմական պատմաբան
Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ԱՄՆ-ի և Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներն ընդունել են մի համատեղ ծրագրային հայտարարություն, որում նրանք, ի թիվս բազմաթիվ ու տարբեր միջազգային հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշումներ արտահայտելուն, պարտավորվել են նաև «միասին աշխատել Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված ու տևական խաղաղության համաձայնագիրն առաջ մղելու գործում»։
Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն պարտավորվել է Հայկական հարցում պաշտպանել ցեղասպան Թուրքիայի շահերը, զուգահեռաբար՝ ամեն կերպ սատարել նրա կրտսեր ցեղասպան դաշնակցին՝ Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի։ Մինչև այսօր միշտ էլ այդպես է եղել։
Կարևոր է, սակայն, նկատել, որ Ռուսաստանն էլ հետևողականորեն վարում է ճիշտ նույն քաղաքականությունը՝ ամեն կերպ սատարում է Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի։ Իսկ սա նշանակում է, ինչպես բազմիցս եմ փաստարկել, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն դեռևս շատ վաղուց համաձայնել են Հայաստանը հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի հոշոտմանը։
Հետևաբար, մեր փրկության հույսը կարող ենք լինել միայն մենք՝ հայ ժողովուրդը (առանց փտած ու դավաճան վերնախավերի), Հայկական բանակը և հայոց աշխարհազորը, բայց ոչ ՌԴ-ն կամ ԱՄՆ-ն։ Այս փուլում Հայաստանի հիմնական դաշնակցի դերում կարող է հանդես գալ առայժմ միայն նրա հզոր հարավային հարևանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը կտրուկ դեմ է հայոց պետության վերջնական կործանման ծրագրերին։ Կարող են լինել նաև այլ, երկրորդական կարգի դաշնակիցներ՝ Հնդկաստան, Ֆրանսիա, գուցեև այլ պետություններ, բայց նրանցից վճռական օգնություն ակնկալելը միամտություն կլինի։
Մնում ենք մենք ու Իրանն՝ ընդդեմ Թուրանի»։
Add new comment