detq

Ռազմատուգանք կամ տարածքային փոխհատուցում. ադրբեջանական կողմի նոր պահանջը. ինչպես է Հայաստանը օրինականացրել Ադրբեջանի այս պահանջը

Գաղտնիք չէ, որ Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից և 2023-ի սեպտեմբերին Արցախի լիակատար բռնազավթումից հետո Հայաստանի իշխանությունները ձգտում են ամեն գնով կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները և այս ճանապարհին անվերապահորեն կատարել հիշյալ երկրների ներկայացրած բոլոր նախապայմանները, սակայն այս քաղաքականությունը ոչ միայն չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը, այլև մեծացնում է թշնամու ախորժակը, և վերջինս նոր պահանջներ է առաջ քաշում։

Այս համատեքստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այդ երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Սակայն Ադրբեջանի նախագահը Փաշինյանի խուսափողական հայտարարություններով չէր բավարարվում՝ վերջինից պահանջելով ուղիղ տեքստով հայտարարել, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ»։

Փաշինյանն արդեն 2023-ի մայիսի 22-ին կայացած իր մամուլի ասուլիսի ժամանակ այս պահանջը նույնպես կատարեց՝ հայտարարելով, որ «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, որում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղը և անկլավները»։ Կարծում ենք, որ նաև հենց այս հայտարարությունները օրինականացրին շրջափակված Արցախի դեմ 2023-ի սեպտեմբերյան ագրեսիան, երբ Ադրբեջանը պնդում էր, թե գործում է սեփական երկրի տարածքում, իսկ Հայաստանն անգամ այդ ժամանակ չէր առարկում։

Վերջին ամիսներին թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում ակտիվորեն շրջանառվում է Հայաստանից ռազմատուգանք պահանջելու թեման։ Մասնավորապես հաղորդվում է, որ Բաքուն Երևանից փոխհատուցում է պահանջում այսպես կոչված «ադրբեջանական տարածքները 30 տարի շարունակ օկուպացնելու և թալանելու համար»։

Հատկանշական է, որ փոխհատուցում վճարելու թեման կրկին ակտիվացավ այն բանից հետո, երբ նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախում հերթական ագրեսիան իրականացրեց և կարողացավ փաստացի ողջ Արցախը վերցնել իր վերահսկողության տակ։ Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում այս թեման շրջանառվում էր նաև Արցախյան 44-օրյա պատերազմից հետո. այն ժամանակ խոսք էր գնում 50 միլիարդ դոլար փոխհատուցման մասին, իսկ այժմ, ինչպես տեսնում ենք, թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները միայն մեծացել են։

Դեռևս 2020 թվականի ռազմական գործողությունների ավարտից օրեր անց Ադրբեջանի նախագահը սկսեց այցելել Արցախի օկուպացված շրջաններ, որտեղ պարբերաբար հայտարարում էր և մինչև այսօր էլ շարունակում է հայտարարել, թե իբր «Հայաստանը ոչնչացրել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններում առկա շինությունները, ենթակառուցվածքները, պատմական հուշարձանները, մզկիթներն ու գերեզմանները, վնաս է պատճառել շրջակա միջավայրին, ապօրինի կերպով շահագործել է Ադրբեջանի հանքերը և այլն»։ Բացի դրանից՝ Ալիևը մշտապես մեղադրում է Հայաստանին Գյանջայի նկատմամբ իրականացված հարձակման մեջ՝ նշելով, որ այն կատարվել է բնակելի թաղամասի վրա, ուստի որակում է որպես ահաբեկչություն։

Նման հայտարարություններով ադրբեջանական կողմը փորձում է օրինական հիմք ստեղծել, որպեսզի միջազգային հարթակներում Հայաստանին կարողանա պատասխանատվության ենթարկել և գումարներ կորզել։

Միևնույն ժամանակ նմանատիպ հրապարակումներում կարմիր թելի նման անցնում է քարոզչական այն դրույթը, որ եթե միջազգային դատարանը Հայաստանի նկատմամբ նման որոշում կայացնի, ապա ՀՀ-ն չի կարողանա այդքան մեծ գումար վճարել, քանի որ գտնվում է տնտեսական կոլապսի մեջ։ Ստեղծված իրավիճակում թուրքական կողմը որպես լուծում առաջարկում է, որ ՀՀ-ն «իր պատճառած վնասների համար» տարածքով փոխհատուցի՝ նշելով, որ միջազգային հարաբերություններում նման փորձ կա։

Եթե 2020 թվականի հրապարակումներում տարածքային փոխհատուցման համատեքստում թուրքական կողմը հավակնություններ էր դրսևորում Սյունիքի և Վայոց ձորի մարզերի նկատմամբ, ապա ներկայումս պահանջում է ոչ միայն հիշյալ մարզերը, այլ նաև Գեղարքունիքի մարզի մի մասը՝ Սևանա լճի հարակից տարածքը։

Չնայած Հայաստանի իշխանությունները հերքել են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, սակայն վերջիններս բազմիցս ապացուցել են, որ կարող են այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ամբողջովին հակասում են ավելի վաղ իրենց իսկ հնչեցրած հայտարարություններին, իսկ թուրքական կամ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները ավելի ուշ իրականություն են դառնում։ Դեռևս 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, երբ ադրբեջանական ուժերը որևէ ուղղությամբ առաջխաղացում էին ունենում, տարբեր բնակավայրեր էին գրավում, պաշտոնական Երևանը կտրականապես հերքում էր այդ տեղեկությունները՝ պնդելով, թե դրանք տարածողները սպասարկում են թշնամու օրակարգը, վնասում կենաց-մահու պայքար մղող զինվորին, սակայն արդեն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո պարզ դարձավ, որ թշնամու առաջխաղացման և արձանագրած հաջողությունների մասին բոլոր տեղեկությունները համապատասխանում էին իրականությանը։

Բացի դրանից՝ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել նաև այն իրողության վրա, որ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ հայկական կողմն Ադրբեջանին տվել է իրավական բոլոր հիմքերը, որպեսզի վերջինս կարողանա Հայաստանին միջազգային դատարանում օկուպանտ ճանաչել և փոխհատուցում պահանջել։ Մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ստորագրած՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին է վերադարձնում Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները։

Նկատենք, որ եթե Հայաստանն ընդունում է, որ ինքն է հիշյալ շրջանները վերադարձնում Ադրբեջանին, ապա սրանով ընդունում է նաև Ադրբեջանի այն քարոզչական դրույթը, թե իբր ՀՀ-ն 30 տարի շարունակ օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը, ինչը վերջինս անշուշտ կօգտագործի իր նպատակներին հասնելու համար։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անունը չի հիշատակվել անգամ 1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտնի չորս բանաձևերում, որոնց Փաշինյանը հաճախ է հղում կատարում՝ սեփական ձախողումներն արդարացնելու նպատակով. այս բանաձևերում նշվում էր, որ ոչ թե Հայաստանը պետք է դուրս գա հիշյալ շրջաններից, այլ Արցախի հայկական ուժերը։ Սա ժամանակի հայկական իշխանության մեծագույն ձեռքբերումներից էր, որը գնահատանքի է արժանի՝ անկախ այդ իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքից, սակայն ներկայիս իշխանություններն այդ ձեռքբերումը նույնպես ի չիք դարձրին։

Այսպիսով՝ Հայաստանի կորուստների շղթան ոչ միայն չի ընդհատվում, այլև ավելի է ընդլայնվում։ Գործող իշխանություններն իրենց անմտածված քայլերով վտանգում են Հայաստան պետության գոյությունը՝ ստեղծելով մի իրավիճակ, որը հնարավոր չի լինի հաղթահարել անգամ այս իշխանության հեռացումից հետո։ Բացի դրանից՝ վտանգվում է նաև հաջորդ սերունդների բարեկեցությունը, քանի որ չափազանց մեծ է հավանականությունը, որ թուրք-ադրբեջանական տանդեմին կհաջողվի հասնել նաև այս նպատակի իրականացմանը, և ՀՀ-ն ստիպված կլինի խոշոր ռազմատուգանք վճարել կամ տարածքային խոշոր կորուստներ ունենալ, ինչն աղետալի հետևանքներ կունենա երկրի համար։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա տարբեր հարցերում ՀՀ-ի կատարած զիջումներից հետո այդ երկրի ախորժակը միայն մեծանում է, և վերջինս նորանոր պահանջներ է ներկայացնում, իսկ Հայաստանի իշխանությունների գործողությունները հանգեցնում են այդ պահանջների կատարմանը։  

 

Add new comment