Submitted by D.Guyumjyan on
DETQ

ՆԱՏՕ-ն առավելագույն նպատակ է դրել՝ Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ բացել Հարավային Կովկասում. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան պնդել է՝ ՆԱՏՕ-ն առավելագույն նպատակ է դրել Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ բացել Հարավային Կովկասում։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ 

Զախարովան շեշտել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Հարավային Կովկաս՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, այդ երկրներին եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու հերթական փորձի դրսևորում է։

«Նման պաշտոնյայի մակարդակով այցը հաստատում է, որ այդ ուղղությամբ ակտիվությունը մի քանի անգամ ավելացել է։ Հարավային Կովկասում, կարծես թե, խնդիրները նվազել են, իսկ դա ո՞ւմ կարող է դուր գալ Արևմուտքում:

Արևմտականներին հանգիստ չի տալիս այն փաստը, որ այդ պետությունները փոխգործակցում են, այն, որ նրանք մոտենում էին խաղաղության պայմանավորվածություններին: Նրանց դուր չի գալիս այն փաստը, որ այդ պետությունները շփվում են Մոսկվայի հետ»,- պնդել է նա։

Մարիա Զախարովան հավելել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը փորձում են քանդել տարածաշրջանի երկրների կապերը, այդ թվում՝ Մոսկվայի հետ: «Իհարկե, ՆԱՏՕ-ն առավելագույն նպատակ է դրել՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում և ընդհանուր առմամբ թեժացնել իրավիճակը տարածաշրջանում»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Թեև ՆԱՏՕ-ում իսկապես մտադրություններ ունեն Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, սակայն անիրատեսական է, որ դա կլինի Հարավային Կովկասում։ Զախարովայի այս հայտարարությունն առավելապես քարոզչական և մանիպուլատիվ բնույթ ունի, քանի որ վերջինիս և ՌԴ-ին անհանգստացնում է տարածաշրջանում արևմտյան դերակատարների ներկայության ցանկացած դրսևորում։

 

Add new comment