m

Ինչո՞ւ է «Իսլամական պետություն» խմբավորումը «կենտրոնացած» Ռուսաստանի վրա, և ո՞րն է այս կազմակերպության էությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը ժամանակին վերահսկում էր Իրաքի և Սիրիայի տարածքները, ստանձնել է Մոսկվայի համերգասրահում բազում մահերի պատճառ դարձած ահաբեկչության պատասխանատվությունը: Առնվազն 143 մարդ է զոհվել, երբ ինքնաձիգներով զինված մարդիկ կրակ են բացել համերգի մասնակիցների վրա Կրեմլից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Crocus City Hall»-ում: Ավելի կոնկրետ՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետության» աֆղանական մասնաճյուղը:

Ձեզ ենք ներկայացնում «Իսլամական պետության» աֆղանական մասնաճյուղի և Ռուսաստանի վրա հարձակվելու նրա դրդապատճառների մասին:

«ISIS-K»-ն նշանակում է «Իսլամական պետություն. Խորասան»: Խորասանը հին տերմին է տարածաշրջանի համար, որն ընդգրկում էր Իրանի, Թուրքմենստանի և Աֆղանստանի տարածքները:Մասնաճյուղն ի հայտ է եկել արևելյան Աֆղանստանում 2014 թվականի վերջին և ունի հարձակումների պատմություն Աֆղանստանի ներսում ու երկրի սահմաններից դուրս: 2022 թվականի սեպտեմբերին նրա զինյալները ստանձնեցին Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան վրա մահաբեր հարձակման՝ ահաբեկչական պայթյունի պատասխանատվությունը։

«Իսլամական պետությունը» նախկինում հայտարարել է հարձակումների մասին, որոնց հետ կապ չունի: Այնուամենայնիվ, խմբավորման այն պնդումը, որ ինքն է Մոսկվայի հարձակման պատասխանատուն, հաստատվել է ԱՄՆ հետախուզության աղբյուրների կողմից:

«Իսլամական պետության» «Amaq» լրատվական գործակալությունը մահացու հրաձգությունից հետո հայտարարություն է տարածել «Տելեգրամում», որում ասվում է, որ իր զինյալները հարձակվել են Մոսկվայի արվարձանների վրա:

Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք հարյուրավոր մարդկանց սպանել և վիրավորել են՝ «մեծ ավերածություններ պատճառելով տեղանքին»: Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը մարտի 8-ին նախազգուշացրել էր, որ «ծայրահեղականները» Մոսկվայում հարձակման մոտալուտ ծրագրեր ունեն՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ռուսական անվտանգության ծառայությունները հայտարարեցին, որ խափանել են ԴԱԻՇ-ի մասնաճյուղի կողմից սինագոգում ծրագրված կրակոցները:

Ինչո՞ւ է հենց Ռուսաստանն ընտրվել որպես ահաբեկչության թիրախ

Փորձագետները նշում են, որ «ISIS-K»-ն տարիներ շարունակ հակադրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: ««ISIS-K»-ն կենտրոնացած է եղել Ռուսաստանի վրա վերջին երկու տարիներին՝ հաճախակի քննադատելով Պուտինի քարոզչությունը»,- ասում է Քոլին Քլարկը «Սուֆան»-ից՝ արտաքին քաղաքականության անկախ հետազոտական կենտրոնից:

Վաշինգտոնում գործող «Wilson Center»-ից Մայքլ Կուգելմանն էլ նշել է, որ «ISIS-K-ն» «Ռուսաստանը համարում է մեղսակից մուսուլմանների վրա պարբերաբար ճնշում գործադրող գործողություններին»: Նա հավելել է, որ խմբավորումն իր անդամ է համարում նաև Կենտրոնական Ասիայի մի շարք զինյալների, որոնք իրենց տարաձայնություններն են ունեցել Մոսկվայի հետ:

Պուտինը փոխեց սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքը, երբ միջամտեց վերջինիս 2015 թվականին՝ աջակցելով նախագահ Բաշար ալ-Ասադին ընդդեմ ընդդիմության և «Իսլամական պետության»:

Պատերազմը սկսվեց 2011 թվականին, երբ Ալ-Ասադի ավտորիտար կառավարման դեմ ժողովրդավարական ապստամբությունն արագորեն ընդլայնվեց՝ վերածվելով լիարժեք ներքին մարտերի, երբ «Իսլամական պետությունը» մինչև 2013 թվականը գրավեց Սիրիայի և Իրաքի մեծ մասը:

«Իսլամական պետությունն» իր հաջողության գագաթնակետին տիրապետում էր Սիրիայի տարածքի մոտ մեկ երրորդը և Իրաքի տարածքի 40 տոկոսը, սակայն 2017 թվականի վերջին նա կորցրել է իր տարածքի 95 տոկոսը:

Գոյություն ունի նաև ԴԱԻՇ-ի կովկասյան մասնաճյուղը, որը հիմնականում գործում է մեծամասամբ մուսուլմանական Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում, հիմնականում Չեչնիայում, Դաղստանում, Ինգուշեթիայում և Կաբարդինո-Բալկարիայում:

Չեչնիան մոսկովյան իշխանության դեմ ապստամբելու երկար պատմություն ունի, քանի որ իսլամիստների ապստամբությունը հանգեցրել է Ռուսաստանի և զինյալների միջև զինված բախումների 2007-2017 թվականներին:

«Իսլամական պետությունը» երկար ժամանակ զինյալների ավելի լայն հավաքագրում է անում Ռուսաստանից և նախկին Խորհրդային միության այլ մասերից:

Add new comment