Submitted by H.Andreasyan on
01

Անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2023-ը բարդ տարի էր ՊՆ-ի և ԶՈՒ-ի համար. Պապիկյան

Հայաստանի Հանրապետության շուրջը ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2023 թվականը բավական բարդ տարի էր Պաշտպանության նախարարության և ողջ զինված ուժերի համար։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Նա նշել է, որ տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմներով։

«Մայիս և սեպտեմբեր ամիսներին, անվտանգային իրավիճակի սրմամբ պայմանավորված, զինված ուժերը բերվել են պատրաստականության տարբեր աստիճանների։ Մարտական հերթապահությունը և դրան զուգահեռ մարտական բարձր պատրաստականության պայմաններում ծառայությունն իրականացվել են զինված ուժերի կարողությունների վերականգնման, վերակազմավորման և համալրման գործընթացներին զուգահեռ, որոնց զգալի մասն իրականացվել է՝ քաղված դասերը հաշվի առնելով ու միջազգային չափորոշիչների կիրառմամբ»,- ասել է նախարարը։

Ըստ Պապիկյանի՝ Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող պետական բյուջեի գործառնական դասակարգման հինգ ծրագրերով 2023 թվականին հաստատված նախահաշիվներով՝ տարեսկզբին հատկացվել են 517․28 մլրդ դրամ ֆինանսական միջոցներ, որը տարվա ընթացքում ավելացել է 9․19 մլրդ դրամով և կազմել 526․47 մլրդ դրամ։ Ճշտված նախահաշիվների շրջանակում կատարողականը կազմել է 525․81 միլիարդ դրամ կամ 99․8 տոկոս։

«Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովելու միջոցառումների Պաշտպանության նախարարության բաժնի ցանկը կազմված է 14 նպատակից, որոնք ներառում են 37 միջոցառումներ, որոնք հիմնականում կատարվել են նախատեսված ծավալներով և ժամկետներում։

Մասնավորապես, 2023 թվականի ընթացքում իրականացվել են Պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքային կառուցվածքների փոփոխությունների իրականացման, գործառույթների հստակեցման և բաշխման աշխատանքները։ Կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների և կառուցվածքների հաստատումը շարունակվում է և ընթացքի մեջ է»,- ամփոփել է Պապիկյանը՝ զեկույցի մյուս մասը ներկայացնելով փակ հանդիպմանը։

Add new comment