Submitted by D.Guyumjyan on
DETQ

ՌԴ-ում Իրանի դեսպանը նշել է՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի

Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ «3+3» խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ այս տարի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին իրանցի դիվանագետը ասել է ռուսական «NEWS.ru» գործակալությանը տված մեկնաբանությունում։ 

Ըստ դիվանագետի` այս ձևաչափը Հարավային Կովկասի խնդիրների լուծման համար ամենաօգտակարն է։ Նա հույս է հայտնել, որ Վրաստանը նույնպես կմիանա հարթակի աշխատանքներին։

«Տարածաշրջանում խնդիրների լուծման ամենաօգտակար ձևաչափը «3+3»-ն է։ Հուսով եմ, որ այս տարի կրկին նոր հանդիպում կանցկացվի»,- ասել է Ջալալին։

Ռուսաստանում Իրանի դեսպանը շեշտել է, որ այլ պետությունների, գերտերությունների միջամտությունը ոչ միայն սրում է իրավիճակը, այլև ուժեղացնում էսկալացիան Հարավային Կովկասում։

«Այլ երկրների առկայությունը խոչընդոտում է Հարավային Կովկասում կարգավորումը։ Այս տարածաշրջանի վեց երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, իրենց տարածաշրջանի լավագույն փորձագետներն են, այլ ոչ թե որոշ այլ երկրներ»,- եզրափակել է Ջալալին։

#Դետքի_հետագծով

«3+3» խորհրդատվական հարթակը ձևավորվել է Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկով, իսկ ավելի ուշ դրանում ակտիվություն են ցուցաբերել Ռուսաստանն ու Իրանը։ Այն ներառում է Հարավային Կովկասի 3 երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև տարածաշրջանային 3 ազդեցիկ դերակատարներին՝ Իրանին, Ռուսաստանին և Թուրքիային։ 

Հարթակը մինչև այժմ 2 հանդիպում է անցկացրել՝ 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում՝ փոխարտգործնախարարների, 2023-ի հոկտեմբերին՝ Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը երկու հանդիպումներին էլ չի մասնակցել ՌԴ-ի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

 

Add new comment