Իրանը քննադատել է Իսրայելի հանցագործությունների նկատմամբ միջազգային կառույցների լռությունը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին քննադատել է Իսրայելի հանցագործությունների նկատմամբ միջազգային կառույցների լռությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
«Հաշվի առնելով հանցագործությունների ծավալը՝ միջազգային կազմակերպություններն ու կառույցներն արդյո՞ք պատասխանատվություն չեն կրում բացահայտ ցեղասպանությունը դադարեցնելու և ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասել է իրանցի պաշտոնյան։
Քանաանին շեշտել է, որ Գազայի հատվածի հիվանդանոցների և բժշկական կենտրոնների դեմ պատերազմն այս տարածքի բնակիչների նկատմամբ Իսրայելի ռեժիմի ահաբեկչական բանակի ռազմական հանցագործությունների մասն է։ Նրա խոսքով՝ պաշտոնական հաղորդագրությունները վկայում են, որ Գազայի դեմ պատերազմի սկզբից մինչև այսօր սիոնիստական ռեժիմը նպատակաուղղված կերպով թիրախավորել է 33 հիվանդանոց։
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ բացի քաղաքական դիրքորոշումներ հայտնելուց, հայտարարություններ անելուց կամ բանաձևեր ընդունելուց` միջազգային վեհաժողովներն ու կառույցները գործնական պատասխանատվություն չեն ստանձնում՝ զսպող քայլեր ձեռնարկելու, բացահայտ ցեղասպանությունը դադարեցնելու և ռազմական հանցագործներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ։
#Դետքի_հետագծով
Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Իսրայելը չի դադարեցնում Գազայի հատվածում շարունակվող պատերազմը։ Այս ֆոնին Իրանը ձգտում է իսլամադավան երկրների կոալիցիա ձևավորել ընդդեմ այդ երկրի և խստորեն քննադատում է վերջինիս հետ տնտեսական հարաբերություններ զարգացնող երկրներին։
Add new comment