Իրանը ցավալի պատասխաններ տվեց սիոնիստներին անհաջող հարձակումից հետո. ԻՀՊԿ խոսնակ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Ռամեզան Շարիֆը հայտարարել է, որ սիոնիստները (նկատի ունի Իսրայելին - խմբ.) ցավալի պատասխաններ են ստացել, և դա շուտով կարտացոլվի նրանց պահվածքում: Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
«Մենք վճռական ենք պաշտպանելու մեր ժողովրդի ազգային շահերն ու անվտանգությունը և ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները։ Իրանն անհաջող հարձակումից հետո ցավալի պատասխաններ է տվել սիոնիստներին»,- ասել է Շարիֆը։
Շարիֆը նշել է, որ Սպահանի ռազմական օբյեկտի ձախողված միջադեպի մեղավորները կզղջան դրա համար։ Նրա խոսքով՝ Իրանի թշնամիները գիտեն իրենց գործողությունների հետևանքները և գիտակցում են, որ Իրանի դեմ ցանկացած քայլ կարժանանա խիստ պատժի։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հետ են մղել կենտրոնական Սպահան քաղաքում գտնվող ռազմական արտադրամասի վրա անօդաչու թռչող սարքի միջոցով կատարված հարձակումը։
Add new comment