Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը մեծ քաղաքներում հաղթել է Էրդողանին
2024 թ. մարտի 31-ին Թուրքիայի Հանրապետության ողջ տարածքում կայացել են տարածքային ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ:
Ընտրություններին մասնակցել է 35 քաղաքական կուսակցություն, թեև հիմնական պայքարն ընթացել է Ժողովրդական-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) և երկրի նախագահ Ռ. Թ. Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) միջև:
Այս ընտրությունները շատերի աչքում 2023 թ. Թուրքիայում կայացած ազգային ընտրությունների վերախաղարկման որոշակի փորձ են։ Այն ժամանակ արված բոլոր կանխատեսումները, վերլուծություններն ու հասարակական կարծիքն ուսումնասիրող ընկերությունների հրապարակած տվյալները գրեթե ամբողջությամբ սխալ դուրս եկան, քանի որ գուժում էին ԱԶԿ-ի պարտությունը։
Միևնույն ժամանակ, երկրի հիմնական քաղաքները (Ստամբուլ, Անկարա, Իզմիր և այլն) կառավարում են ընդդիմադիր ԺՀԿ-ի ներկայացուցիչները, և սա կարևոր խորհրդանշական հանգամանք է Թուրքիայի քաղաքական կյանքում, որը չի կարող չանհանգստացնել նախագահ Ռ. Թ. Էրդողանի ղեկավարած ԱԶԿ-ին։
Սակայն երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն ավելի ծանրացրին Էրդողանի և նրա թիմի առանց այն էլ վատ վիճակը:
Վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ ընդդիմությունը հաղթել է հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Բուրսայում, Իզմիրում և Ստամբուլում:
Հիմնական ընդդիմադիր Ժողովրդական-հանրապետական կուսակցությունը քաղաքային ընտրություններում ստացել է ձայների 37․35 տոկոսը, իշխող ԱԶԿ-ն՝ 35․75 տոկոսը։
Էրդողանը հայտարարել է, որ «դա վերջը չէ, այլ շրջադարձային կետ է»։ ԱԶԿ-ն, ըստ Էրդողանի, կանի անհրաժեշտ հետևություններ, կվերլուծի տեղի ունեցածը և կուղղի թույլ տված սխալները։ Նրա խոսքով՝ ինքը և իր կուսակցությունը չեն անտեսի ժողովրդի կամքի դրսևորման արդյունքները։
Add new comment