Բաքուն ոչ մի պաշտոնական հաղորդագրության մեջ չի օգտագործում մեր երկրի տարածքի որևէ պաշտոնական տեղանուն. Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախումբը փաստացիորեն չի ճանաչում ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլ նաև ոչ մի պաշտոնական հաղորդագրության մեջ չի օգտագործում մեր երկրի տարածքի որևէ պաշտոնական տեղանուն՝ կիրառելով «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Վերջին օրինակը Բաքվի բռնապետի ՊՆ կոչեցյալի պաշտոնական «հաղորդագրությունն» է այն մասին, թե հայկական բանակը, իբր, կրակ է բացել Նախիջևանի ուղղությամբ։
Դրանում Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղը պաշտոնապես «անվանվել է» ինչ-որ «Դավալուի շրջանի Արազդայան» բնակավայր, իսկ Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք գյուղը՝ ինչ-որ «Ղարաքիլիսայի շրջանի Սայբալու» բնակավայր։
Ամեն անգամ, երբ Հայաստանում որևէ մեկը, դիցուք, Ներքին Ոսկեպարի փոխարեն ջանադրաբար արտաբերում է բարբարոսական «Աշաղը Աքսիպարա», պետք է հիշի, որ դրանով իսկ ջուր է լցնում մեր դեմ նաև «տեղանվանական պատերազմ» վարող թշնամական քարոզչության ջրաղացին։
Կից արհեստածին Ադրբեջանի ՊՆ կոչեցյալի կայքով տարածված նշված «հաղորդագրությունն» է երեք լեզուներով»,- գրել է նա։
Add new comment