Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի համոզմամբ՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը կիրագործվի
Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը կիրականացվի, և դրա համար առկա են բոլոր անհրաժեշտ հիմքերը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Կարծում եմ, որ այս ուղղությունն իրագործվելու բոլոր հիմքերն ունի: Ես այս հարցում անհաղթահարելի տարաձայնություններ չեմ տեսնում»,- ասել է Միխայիլ Բոչարնիկովը։
Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ձևավորված աշխատանքային խումբը զբաղվում է այդ հարցերով։
«Նրանք իրականում հասել են փոխըմբռնման բարձր աստիճանի թե՛ բիզնես շահերի, թե՛ տեխնիկական նկատառումների առումով այս նախագծի իրականացման համար։ Ուստի կարծում եմ, որ դա միանգամայն իրագործելի է, և հուսանք, որ նույն տնտեսական նկատառումները կգերակայեն»,- ասել է Բոչարնիկովը։
Վերջինս հայտնել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման բանակցություններն ընթանում են երեք հիմական ուղղություններով՝ տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնում, սահմանի սահմանազատում և խաղաղության համաձայնագրի կնքում։ Նա շեշտել է, որ եթե ուղղություններից մեկում առաջընթաց չարձանագրվի, ապա դա կդանդաղեցնի մյուս ուղղությունների առաջընթացը։
Ռուս պաշտոնյան միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ճանապարհների ապաշրջափակումն ամբողջովին տնտեսական հարց է։ «Կարծում եմ, որ լավ կլիներ տնտեսությունն առաջ մղել»,- եզրափակել է նա։
Add new comment